Հոկտեմբերի 3-ին Խարկովի և Պոլտավայի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված հարվածներից հետո Ուկրաինան կորցրել է գազի արդյունահանման հնարավորությունների ավելի քան 60%-ը և արդյունքում ստիպված կլինի ծախսել շուրջ 1,9 մլրդ եվրո՝ վառելիք ներկրելու համար, «որպեսզի կարողանա դիմանալ ձմռանը»։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով, եթե էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները շարունակվեն, Կիևը մինչև 2026 թվականի մարտի վերջը պետք է գնի մոտավորապես 4,4 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս ծավալը համարժեք է երկրի տարեկան էներգասպառման 20%-ին։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Ուկրաինան այս տարի արդեն մոտ 4.6 միլիարդ խորանարդ մետր գազ է գնել արտասահմանյան մատակարարներից: Կիևը գնահատում է, որ երկրին մինչև այս տարվա վերջ անհրաժեշտ կլինի 5.8 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն այս թիվը կարող է աճել՝ կախված մի շարք գործոններից: Մասնավորապես, թե որքան արագ կարող է Ուկրաինան վերականգնել իր էներգետիկ ենթակառուցվածքները: