Գյումրիում ավարտին են մոտենում կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոցի շինարարական աշխատանքները, այդ մասին ասել է աշխատանքային այցով այսօր` հունվարի 27-ին, Գյումրի ժամանած առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նախարարը այցելել է բազմապրոֆիլ հիվանդանոցի շինհրապարակ, հետեւել ընթացող աշխատանքներին: Գյումրիի առողջության կենտրոնում կատարված աշխատանքները Հարություն Քուշկյանին չեն գոհացրել, վերջինս շինարարներին հրահանգել է սեղմ ժամկետներում նախագծում փոփոխություններ կատարել: Հիվանդանոցը նախատեսված է շահագործման հանձնել ընթացիկ տարվա ապրիլին, սակայն եղանակային պայմանները զգալիորեն խոչընդոտում են շինաշխատանքների ընթացքին: 200 մահճակալ հզորությամբ հիվանդանոցում տեղակայվելու են Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական, «Սամարիթեր» եւ մարզային հիվանդանոցները: Իսկ, թե 3 հիվանդանոցների ղեկավարներից, ով կստանձնի բազմապրոֆիլ հիվանդանոցի տնօրենի պաշտոնը, Հարություն Քուշկյանը նշել է, թե այդ հարցը դեռեւս քննարկված չէ: Նշենք, որ հիվանդանոցը կառուցվում է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կնքված վարկային ծրագրով: Կատարվել է շուրջ 11 միլիոն դրամի ներդրում, որից 8 միլիոն դոլարը շենքի կառուցման, իսկ 3 միլիոնը բժշկական սարքավորումների եւ կահույքի ձեռք բերման համար:
Շինարարները նախարարի հետ զրույցում նշել են, թե ժամանակային առումով կարող են խնդիրներ առաջանալ, ասել է թե հնարավոր է չհասցնեն նաեւ ապրիլին շահագործման հանձնել հիվանդանոցը:: Նշենք, որ Գյումրիի բազմապրոֆիլ հիվանդանոցի շինաշխատանքներում ներգրավված է մոտ 70 աշխատող:



























