Էվերեստն առաջինը բարձրացած թիմի վերջին կենդանի մնացած անդամ Կանչհա Շերպան մահացել է հինգշաբթի՝ 91 տարեկան հասակում, Կատմանդուի Կապան շրջանի իր տանը, հայտնել է Նեպալի լեռնագնացության ասոցիացիան (NMA):

«Նա հանգավ խաղաղությամբ,- ասել է ասոցիացիայի նախագահ Ֆուր Գելջե Շերպան,- Նրա մահով լեռնագնացության պատմության մի ամբողջ գլուխ փակվեց»։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի։

Associated Press-ի տվյալներով՝ Կանչհա Շերպան 35 անդամից բաղկացած թիմի այն անդամ էր, որը 1953 թվականի մայիսի 29-ին օգնել էր նորզելանդացի Էդմունդ Հիլարիին և շերպա ուղեկցորդ Թենզինգ Նորգային հասնել Էվերեստի գագաթը՝ 8849 մետր բարձրության վրա։ Նա այն երեք շերպաներից մեկն էր, որոնք Հիլարիի և Թենզինգի հետ միասին հասել էին գագաթնակետին նախորդող վերջին ճամբարին։

Սակայն Կանչհան երբեք չի բարձրացել Էվերեստի գագաթը. նրա կինը դա չափազանց ռիսկային էր համարում, իսկ իր երեխաներին նա ինքն էր արգելում լեռնագնացությամբ զբաղվել։

«Նա մեծ հարգանք էր վայելում լեռնագնացների համայնքում և լի էր էներգիայով։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո նա շարունակում էր այցելել Էվերեստի շրջանի վանքեր՝ կրոնական արարողությունների համար», - նշել է Նեպալի լեռնագնացների ասոցիացիայի անդամ Անգ Չերինգ Շերպան։

Կանչհա Շերպան ծնվել է 1933 թվականին Էվերեստի ստորոտում՝ Նամչե գյուղում։ Այդ ժամանակ շերպաների մեծ մասը գյուղացիներ էին։ Երիտասարդության տարիներին Կանչհան կարտոֆիլ էր փոխանակում Տիբեթի հետ, իսկ ավելի ուշ, Հնդկաստանի Դարջիլինգ այցելելուց հետո, նա սկսեց մարզվել որպես բարձրլեռնային ուղեկցորդ և աշխատել օտարերկրյա զբոսաշրջիկների հետ։

Նա լեռնագնացությամբ սկսել է զբաղվել 19 տարեկանում և ակտիվորեն շարունակել է իր գործը մինչև 50 տարեկանը։ Նրա ճանապարհորդությունը դեպի Էվերեստ մեծապես հնարավոր դարձավ Թենզինգ Նորգեյի հետ հոր բարեկամության շնորհիվ։

Տարիների ընթացքում Կանչհա Շերպան մասնակցել է Էվերեստի այլ վերելքների և նշանակալի հետք է թողել բազային ճամբարից մինչև գագաթնակետ տանող ճանապարհի հայտնաբերման գործում, որը մինչ օրս օգտագործվում են լեռնագնացները: Ավելի ուշ նա մտահոգություն է հայտնել լեռան գերբնակեցման և աղտոտվածության վերաբերյալ՝ կոչ անելով հարգանքի տուրք մատուցելու Էվերեստին, որին շերպաները մեծարում են որպես Խումալանգմա աստվածուհի։

2013 թվականին Կանչհային Նեպալի կառավարությունը պարգևատրեց Էվերեստ բարձրանալու 50-ամյակի կապակցությամբ: Կյանքի վերջին տարիներին նա ապրել է Նամչեում, որտեղ նրա ընտանիքը փոքրիկ հյուրատուն է վարում զբոսաշրջիկների և լեռնագնացների համար։

Կանչհա Շերպան ուներ կին, չորս որդի, երկու դուստր, թոռներ: