Գիտնականները պարզել են, որ մեր նախնիները միլիոնավոր տարիներ առաջ ենթարկվել են կապարի ազդեցությանը, և դա կարող էր ձևավորել մեր էվոլյուցիայի ընթացքը։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science Advances ամսագրում։

Երբ լսում ենք կապարով թունավորման մասին, սովորաբար պատկերացնում ենք ժամանակակից աղտոտումը՝ կապարե ներկ, հին խողովակներ, արտանետվող գազեր։ Սակայն նոր ուսումնասիրությունը բացահայտում է, որ կապարի ազդեցությունը մեր հնագույն նախնիների բնակության միջավայրի անբաժանելի մասն է եղել։

Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում հայտնաբերված վաղ մարդկանց և հարակից տեսակների մինչև երկու միլիոն տարվա հնության քարացած ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ կապարի մակարդակները հավաստիորեն գրանցվել են։ Գիտնականները՝ մազից բարակ լազերով աշխատող սկաներներով, ատամի շերտերն ընթերցել են ինչպես ծառի տարեկան օղակները։ Յուրաքանչյուր շերտ կարող է պատմել անհատի կյանքի մասին, և այնտեղ հայտնաբերվել են կապարի քիմիական նշաններ։

Հետաքրքիր է, որ կապարի աղբյուրներ են ծառայել ոչ միայն արդյունաբերական գործընթացները (ինչպես այսօր), այլ բնական աղբյուրները՝ հրաբխային փոշին, հանքայնացված հողերը, ստորերկրյա ջրերը, որոնք անցնում են կապար պարունակող ապարների միջով։ Երաշտի կամ սննդի պակասի շրջաններում վաղ հոմինինները կարող էին փորել՝ ջուր հայթայթելու համար կամ սնվել բույսերով, որոնց արմատները կուտակել էին կապար։

Պարզելու համար, թե ինչպես դա կարող էր ազդել ուղեղի զարգացման վրա, հետազոտողները գենետիկների և նյարդակենսաբանների հետ համատեղ օգտագործել են «ուղեղի օրգանոիդներ»՝ մարդու ուղեղի հյուսվածքի մանրակերտ տարբերակներ, որոնք աճեցվել են ցողունային բջիջներից։ Նրանք ներմուծել են NOVA1 գենի երկու տարբերակ՝ ժամանակակից և հնագույն (նեանդերթալյան/դենիսովյանին նման) և հյուսվածքները ենթարկել կապարի փոքր չափաբաժինների՝ համեմատելի հնագույն չափաբաժինների հետ։ Հնագույն գենի տարբերակով օրգանոիդները ցույց են տվել զգալի սթրես. նյարդային կապերն ավելի վատ էին ձևավորվում, խախտվում էին հաղորդակցության և սոցիալական վարքի հետ կապված ուղիները։ Ժամանակակից գենի տարբերակով օրգանոիդներում նկատվել է զգալիորեն ավելի մեծ կայունություն։

Սա ցույց է տալիս, որ մեր տեսակի էվոլյուցիայի ընթացքում կարող էր ձևավորվել կապարի նյարդաթունավոր ազդեցությանն ավելի լավ ներքին դիմադրություն։ Թույնի ազդեցությունը ոչ միայն վնաս է, այլ պոտենցիալ գործոն, որը գենետիկական հարմարվողականության միջոցով կարող էր ազդել ուղեղի, խոսքի, սոցիալական հմտությունների զարգացման վրա։