Ռուսաստանի զբոսաշրջային հնագույն գործակալություններից մեկը`  «Լանտա-տուր վոյաժը», «քաշել է»  իր հաճախորդներին: Ընկերությունը սնանկացել է, իսկ ռուսական զբոսաշրջիկներն էլ մնացել են աշխարհի տարբեր օդանավակայաններում, քանի որ նրանց թռիչքները չեն վճարվել:   

Հունվարի 27-ին  «Լանտա-տուր վոյաժն» իր գործընկերներին նամակով տեղեկացրել է իրավիճակի մասին, տեղեկությունը հայտնվել է նաեւ ընկերության կայքում:  Facebookից եւ «Վկոնտակտե»-ից տուրիստական գործակալության էջերը ջնջվել են: 

Տուժած զբոսաշրջիկների թիվը կարող է գերազանցել 8 հազարը: 

Շերեմետյեւոյում եւ Դոմոդեդովոյում մնացած հաճախորդները տուրիստական գործակալությունից թերթիկներ են ստացել, որում ասվել է, որ «թռիչքը հետաձգվել է տեխնիկական պատճառներով»: Բոլորն էլ մտադիր են բարոյական եւ նյութական փոխհատուցում պահանջել դատարանի միջոցով: «Լանտա-տուր վոյաժն» ապահովագրված է  «Ինգոսստախ» ընկերությունում` 100 միլիոն ռուբլու չափով: 

«Լանտա-տուր վոյաժ» ընկերությունն ունի 20 տարվա պատմություն: Այն հիմնականում զբոսաշրջություններ է կազմակերպել դեպի Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Հարավարեւելյան Ասիա, ԱՄՆ, բազմիցս եղել է տուրիզմի բնագավառում մրցանակների դափնեկիր: Դեռեւս ընկերության սնանկացման մասին պաշտոնական հայտարարություն չի արվել, ենթադրվում է , որ այն կհրապարակվի հունվարի 30-ին, գրում է gazeta.ru-ն: