RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության փորձի մեջ մեղադրվողները համաձայնել են սպանությունը ծրագրել 50 հազար դոլարի դիմաց։ Դրա մասին հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հաղորդում է «Вечерняя Москва»-ն։
Հետաքննության տվյալներով՝ հանցագործության կազմակերպմամբ զբաղվել է National Socialism/White Power ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Միխայիլ Բալաշովը։
Բալաշովը, աշխատելով անհայտ անձանց պատվերով, մեկ այլ բջջի անդամ Եգոր Սավելևի հետ միասին համաձայնել է սպանել լրագրող Մարգարիտա Սիմոնյանին 50 հազար դոլարի դիմաց։ Դրա համար հանցակիցները տեղեկություններ են հավաքել նրա գտնվելու վայրի և տեղաշարժերի մասին, և անհայտ անձանցից հրազեն և զինամթերք ստանալուց հետո պետք է սպանեին նրան, հայտնել են Քննչական կոմիտեից։
Հոկտեմբերի 20-ին Քննչական կոմիտեն ավարտել է Մարգարիտա Սիմոնյանի սպանության փորձի վերաբերյալ քրեական գործի քննությունը։
Ավելի վաղ անվտանգության ուժերին հաջողվել էր Մոսկվայում և Ռյազանում ձերբակալել նեոնացիստական խմբավորման կազմակերպիչներին, որոնք տեղեկություններ էին հավաքում զոհի բնակության վայրի մասին։ «Ի՞նչ ծրագրեր ունեին հանցագործները և ինչպե՞ս արձագանքեց Սիմոնյանը սպասվող հարձակմանը», - գրում է «Вечерняя Москва»-ն:





























