Kohler ընկերությունը ներկայացրել է Dekoda անունով անսովոր սարք, որն ամրացվում է զուգարանակոնքի եզրին և օգտագործում է արհեստական ​​բանականություն՝ մարդկային արտաթորանքը հետազոտելու համար, հաղորդում է Interesting Engineering-ը։

Ըստ ծրագիրը մշակողների՝ այդ համակարգը նախատեսված է հիդրատացման (ջրի մոլեկուլների՝ այլ մոլեկուլների կամ իոնների հետ միացման գործընթաց -խմբ.) մակարդակը, աղիքների առողջությունը վերահսկելու և առողջական խնդիրների, մասնավորապես՝ կղանքի կամ մեզի մեջ արյան առկայության վաղ հայտնաբերման համար։ Մտահղացման իմաստն այն է, որ զուգարանակոնքը վերածվի մարդուց որևէ ջանք չպահանջող՝ օրգանիզմի վիճակի մասին ամեն օր տվյալներ հավաքող մինի լաբորատորիայի։

Սարքը հագեցած է տեսախցիկով և սպեկտրոսկոպիայի սկզբունքով աշխատող օպտիկական սենսորներով։ Սենսորներն ուղղված են դեպի ներքև՝ միայն զուգարանկոնքում եղածի պարունակությունը գրանցելու համար՝ առանց օգտատիրոջ մարմինը կամ շրջակա տարածքը նկարահանելու։ Մշակողներն ընդգծում են, որ Dekoda-ն հսկողության տեսախցիկ չէ. այն արտաթորանքում խառնուրդների առկայությունը, գույնը, ձևը, հյուսվածքը գնահատող ախտորոշիչ գործիք է։ Այնուհետև արհեստական ​​բանականությամբ աշխատող ալգորիթմը վերլուծում է այդ տվյալները և եզրակացություններ է անում մարդու առողջության վերաբերյալ։

Համակարգը գործում է ինքնուրույն և միանում է օգտատիրոջն արդյունքներ և առաջարկություններ ցուցադրող Kohler Health բջջային հավելվածին: Այդ հավելվածն ի վիճակի է հետևել միտումներին, մասնավորապես՝ ջրազրկումը կամ մարսողական խնդիրների հաճախականությունը: Լրիվ վերլուծությանը մուտք գործելու համար անհրաժեշտ է բաժանորդագրություն, որը տատանվում է տարեկան 70-150 դոլար: Սարքն ինքնին արժե մոտավորապես 599 դոլար, իսկ առաջին առաքումները սպասվում են 2025 թվականի հոկտեմբերին:

Kohler-ը պնդում է, որ սարքը համապատասխանում է ստանդարտ զուգարանների մեծ մասին, և տեղադրումը տևում է ընդամենը մի քանի րոպե: Մագնիսական լիցքավորման հարթակը և պատին ամրացվող հեռակառավարիչը ներառված են: Dekoda-ն ունի ներկառուցված մարտկոց և լիցքավորվում է USB-C միակցիչով: Մի քանի օգտատեր ունեցող տնային տնտեսությունների համար հասանելի է մատնահետքի նույնականացում՝ օգտատերերին զանազանելու համար:

Ընկերությունը շեշտում է, որ Dekoda-ն չի փոխարինում բժշկի այցին, սակայն կարող է վաղ նախազգուշացման գործիք ծառայել: Եթե համակարգը տագնապալի փոփոխություններ հայտնաբերի, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի: Հետազոտողներն այս մոտեցումն անվանում են «խելացի լոգարանի» ուղղությամբ քայլ, որտեղ տեխնոլոգիան ի վիճակի է օգնել վերահսկելու առողջությունը նույնքան բնականորեն, որքան ատամները մաքրելը: Միևնույն ժամանակ, կարևոր հարցերը մնում են անպատասխան՝ տվյալների գաղտնիությունը, վերլուծության ճշգրտությունը և նման գործառույթները զուգարանում տեղադրված սարքին վստահելու մարդկանց պատրաստակամությունը։