Եվրոպական քիմիական նյութերի գործակալությունը (ECHA) դիտարկում է էթանոլը որպես քաղցկեղածին նյութ դասելու հնարավորությունը, ինչը կարող է հանգեցնել բժշկական հաստատություններում դրա կիրառման արգելքին։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։
Ըստ նույն թերթի տեղեկությունների՝ հոկտեմբերի 10-ին գործակալության աշխատանքային խմբերից մեկը հրապարակել է ներքին առաջարկություն, որում էթիլային սպիրտը նշվել է որպես թունավոր նյութ, որը բարձրացնում է քաղցկեղի զարգացման և հղիության բարդությունների ռիսկը։
ECHA-ի կենսասպան ակտիվ նյութերի ուսումնասիրության կոմիտեն նոյեմբերի 24-ից 27-ը կանցկացնի նիստ, որի ընթացքում գործակալությունը որոշում կկայացնի էթանոլը որպես մարդու համար վտանգավոր նյութ դասակարգելու հնարավորության մասին։ Այնուհետև առաջարկությունը կուղարկվի Եվրոպական հանձնաժողով, որը կկայացնի վերջնական որոշումը։
FT-ը նշել է, որ սպիրտի վրա հիմնված ախտահանիչ միջոցները ներկայումս ճանաչված են որպես անվտանգ Եվրոպական միությունում և 1990-ականներից ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցանկում:



























