Կիպրոսի Պեյա գյուղի վրայով թռչող ռազմական ուղղաթիռից չպայթած զինամթերքի կասետ է ընկել, հաղորդում է Alpha TV-ն։
Ըստ նրա տվյալների, Airbus H145M թեթև բազմաֆունկցիոնալ ուղղաթիռից, որը ուսումնական թռիչք էր կատարում կղզում անցկացվող զորավարժությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ, անջատվել է զինամթերքի կասետը պահող ամրակը։ Կասետն ընկել է Պաֆոսի նահանգի Պեյա գյուղի բնակելի տարածքի բաց դաշտում։
Ոստիկանությունը անմիջապես ժամանել է դեպքի վայր։ Այն մտավախություն ուներ, որ միջադեպի հետևանքով կարող էին տուժածներ լինել, սակայն գյուղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։ Կիպրոսի իշխանություններն այժմ հետաքննում են այս արտակարգ պատահարի պատճառները։
Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, Կիպրոսում Airbus H145M ուղղաթիռները հագեցած են 70 մմ լազերային ուղղորդվող հրթիռներով և իսրայելական SPIKE ER2 հակատանկային հրթիռներով։ Ռուսական արտադրության ՄԻ-35 հարվածային ուղղաթիռների 11 միավորից բաղկացած պարկը փոխարինելու շրջանակներում՝ Կիպրոսի Հանրապետությունը Airbus կոնցեռնի հետ պայմանավորվել է ձեռք բերել 12 միավոր H145M ուղղաթիռ։ Դրանցից վեցն արդեն մատակարարվել են Կիպրոսի Ազգային գվարդիայի ռազմաօդային ստորաբաժանումներին։




























