Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով պահանջել է, որ Սերբիան լիովին համապատասխանեցնի իր արտաքին քաղաքականությունը ԵՄ գծին, դրանց թվում՝ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Բանաձևը հաստատվել է հոկտեմբերի 22-ին Ստրասբուրգում անցկացված Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ 457 կողմ, 103 դեմ և 72 ձեռնպահ ձայներով։
Բանաձևում Եվրախորհրդարանը վերահաստատել է իր «ամուր հանձնառությունը Սերբիայի ԵՄ անդամակցության հեռանկարներին»՝ պայմանով, որ զգալի առաջընթաց կգրանցի ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների հարգման և «ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը լիարժեք համապատասխանության», ներառյալ՝ Ռուսաստանի նկատամամբ պատժամիջոցների ոլորտում։
Բանաձևն ընդունվեց «Նովի Սադում տեղի ունեցած ողբերգությունից մեկ տարի անց Սերբիայում շարունակվող քաղաքական բևեռացման և պետական ճնշումների» ֆոնին։ Փաստաթղթում նշվում է, որ սերբական ղեկավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում ճնշումների ուժեղացման, բռնությունը սովորական երևույթ դարձնելու և ժողովրդավարական ինստիտուտների թուլացման համար։ Եվրախորհրդարանը պահանջել է թափանցիկ դատավարություն երկաթուղային կայարանի՝ զոհերի հանգեցրած տանիքի փլուզման գործով։
Պատգամավորները միաժամանակ Բելգրադին կոչ են արել «անմիջապես և լիովին կատարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկությունները»՝ արդար և ազատ ընտրություններ ապահովելու համար: Բացի դրանից, Եվրախորհրդարանն աջակցել է Սերբիա հնարավորինս շուտ ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարին, որը կներառի Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ, «տեղում իրավիճակը գնահատելու համար, ներառյալ ժողովրդավարության վիճակը, շարունակվող բողոքի ցույցերը և դրանց մասնակիցների նկատմամբ կիրառվող ճնշումները»:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, Բելգրադ կատարած այցի ժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս ընդգծել էր, որ առանց Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների Սերբիայի ճանապարհը դեպի Եվրամիություն կփակվի: «Մենք պետք է տեսնենք մեր արտաքին քաղաքականության ավելի մեծ համաձայնեցում, ներառյալ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ առանց դրա Բրյուսելը չի կարողանա Սերբիային «հուսալի գործընկեր» ընկալել:
Սերբիան Եվրամիությանը միանալու դիմում է ներկայացրել 2009 թվականին, ստացել է թեկնածուի կարգավիճակ 2012 թվականին և սկսել է անդամակցության բանակցությունները 2013 թվականին: Ըստ ԵՄ պահանջների՝ բոլոր թեկնածու երկրները պետք է համապատասխանեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը Բրյուսելի որոշումներին և համապատասխանեն Կոպենհագենի չափանիշներին՝ ապահովելով կայուն ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն և պատրաստակամություն՝ ընդունելու Միության քաղաքական և տնտեսական պարտավորությունները։
Նախագահ Ալեքսանդր Վուչիչը ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Սերբիայի ռազմավարական ընտրությունը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: «Եվ դա չի փոխվի, առնվազն մինչև հաջորդ ընտրությունները, և ես կարծում եմ, նույնիսկ դրանցից հետո»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Բելգրադը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական ինտեգրացիային՝ չնայած բանակցային գործընթացի դժվարություններին։
Հուլիսին Սերբիայի եվրոպական հարցերով նախարար Նեմանյա Ստարովիչը հայտարարել է, որ Սերբիան կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե երկրի՝ Եվրամիությանը միանալու հեռանկարներն «ակնհայտ» դառնան:





























