Մասնագետների կարծիքով՝ կլիմայական ճգնաժամի լրջության վերաբերյալ կասկածները ոչ միայն սխալ են, այլև՝ վտանգավոր մոլորություն: The Express-ի համար գրված հոդվածում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցին առընթեր Գրանտհեմ ինստիտուտի փորձագետ Բոբ Ուորդը հերքել է աստղագետ Քրեյգ Ուոլթոնի պնդումները, որը հայտարարել էր, թե «կլիմայի փոփոխության վտանգները չափազանցված են»:
«Սա բացարձակապես սխալ է»,- գրել է Ուորդը՝ մեջբերելով Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (IPCC) վերջին գնահատականը: IPCC զեկույցը հաստատում է, որ մարդու ազդեցությունն արդեն փոխել է կլիմայական և եղանակային ծայրահեղությունները մոլորակի բոլոր շրջաններում. ջերմային ալիքները, ուժեղ անձրևները, երաշտները և արևադարձային ցիկլոններն ուժեղացել են:
Բրիտանական օդերևութաբանական ծառայության վերջին տվյալները ցույց են տալիս, որ երաշտները և ջերմային ալիքները էքստրեմալ հրդեհները դարձնում են ավելի հաճախակի և ավերիչ: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) վերլուծությունը կանխատեսում է, որ եթե երկրները չկրճատեն արտանետումները, գլոբալ ջերմաստիճանը մինչև 2100 թվականը կարող է բարձրանալ գրեթե 3°C-ով՝ արդյունաբերական դարաշրջանից առաջ եղած մակարդակների համեմատ: Վերջին անգամ Երկիրն այսքան տաք է եղել երեք միլիոն տարի առաջ, երբ ծովի մակարդակը 5-25 մետրով բարձր էր, քան այսօր։
Այսօր միջին ջերմաստիճանը արդեն բարձրացել է մոտ 1.4°C-ով, և Մեծ Բրիտանիան ապրում է ռեկորդային շոգ ամառներ և խոնավ ձմեռներ։
Ուորդը զգուշացնում է, որ մոլորակի որոշ շրջաններում շոգն ու խոնավությունն արդեն մոտենում են այն շեմին, երբ մարդիկ ֆիզիկապես չեն կարողանա զովանալ քրտնելով, ինչը նշանակում է, որ պարզապես դրսում լինելը կդառնա մահացու։
«Ակնհայտի ժխտումը միայն տառապանքի կհանգեցնի,- եզրափակում է Ուորդը,- Աշխարհը պետք է հասնի ջերմոցային գազերի զուտ զրոյական արտանետումների, հակառակ դեպքում Երկրի որոշ մասեր կդառնան ոչ պիտանի կյանքի համար»։





























