Իլոն Մասկի SpaceX ընկերությանը պատկանող Starlink-ը նախատեսել է Հնդկաստանում կառուցել արբանյակային կապի ինը կայան եւ հատկացրել է ժամանակավոր սպեկտր՝ տեղական անվտանգության կանոնակարգերի պահպանման ապահովման համար։
Կայանները կկառուցվեն Մումբայում, Նոյդայում, Չանդիգարհում, Հայդարաբադում, Կալկաթայում եւ Լաքնաուում, տեղեկացրել է The Times of India-ն։
«Ընկերությունը դիմել է Հնդկաստանի վրայով իր արբանյակային խմբավորման համար տրամադրել 600 Գբ/վ թողունակություն։ Սպեկտրը հատկացվել է ժամանակավորապես՝ առանց առեւտրային ծառայությունների, Հնդկաստանի անվտանգության պահանջների պահպանման ապահովման համար»,- պարբերականին հայտնել է Starlink-ի ներկայացուցիչը։
Արբանյակային կապի կայանների շահագործման եւ տվյալների պահպանման համար պատասխանատու կլինեն միայն Հնդկաստանի քաղաքացիները՝ արտասահմանում տվյալների չարաշահումը կանխելու համար։ Օտարերկրացիներին թույլատրվելու է աշխատել այնտեղ, բայց միայն Հնդկաստանի ներքին գործերի նախարարության հատուկ թույլտվությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր հարավասիական հանրապետության կապի պետական նախարար Պեմասանի Չանդրա Սեխարը, Հնդկաստանում միայն 2 միլիոն օգտատեր կստանա Starlink-ի գլոբալ արբանյակային կապի համակարգը՝ առավելագույնը 200 Մբ/վ արագությամբ, երկրի գյուղական վայրերում արբանյակային ինտերնետի բարձր արժեքի եւ սահմանափակ ծածկույթի պատճառով։
Հնդկաստանի իշխանությունները մոտ չորս տարի է, ինչ քննարկում են Մասկի առաջարկը՝ երկրում Starlink-ը գործարկելու վերաբերյալ։ 2021թ․ դեկտեմբերին SpaceX-ը Հնդկաստանում դուստր ձեռնարկություն է հիմնել՝ բարձր արագությամբ լայնաշերտ շարժական արբանյակային ինտերնետի ծառայություններ մատուցելու համար, սակայն դրա իրականացումը խոչընդոտվել է կառավարության կողմից տրված լիցենզիայի բացակայության պատճառով։ Հուլիսի սկզբին Հնդկաստանի կառավարությունը Starlink-ին արբանյակային ինտերնետ գործարկելու լիցենզիա է տրամադրել՝ SpaceX-ին հնարավորություն տալով սկսել առեւտրային գործունեություն երկրում, այն բանից հետո, երբ ընկերությունը պարտավորվել է պահպանել Հնդկաստանի ազգային անվտանգության օրենքները։
Starlink-ի գործարկումը Մասկի երկրորդ խոշոր նախագիծը կլինի Հնդկաստանում՝ հուլիսին իր էլեկտրական մեքենաների ընկերության՝ Tesla-ի բացումից հետո։





























