Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիա քաղաքում շաբաթ օրն ավելի քան 50 000 մարդ է դուրս եկել փողոց՝ հիշատակելու անցյալ տարվա մահաբեր ջրհեղեղի առաջին տարելիցը և դատապարտելու իշխանությունների գործողությունները տարերային աղետի կապակցությամբ, հաղորդում է AFP-ն։
Ցուցարարներից շատերը ձեռքներին պահել են զոհերի լուսանկարները և կոչ են արել տարածաշրջանի ղեկավար Կառլոս Մասոնին հրաժարական տալ՝ Եվրոպայում վերջին տասնամյակների ամենամահաբեր տարերային աղետներից մեկին ուշ արձագանքելու համար։
Մասոնի վարչակազմը խիստ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ժամը 20:11-ը հեղեղումների մասին ծանուցումներ չի ուղարկել բջջային հեռախոսներին, այն դեպքում, երբ որոշ վայրերում ջրհեղեղն արդեն սկսվել էր։
Դա տեղի է ունեցել ավելի քան 12 ժամ անց այն բանից հետո, երբ ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր տեղումների վերաբերյալ ամենաբարձր մակարդակի նախազգուշացում։ Իսպանական լրատվամիջոցներին մարդիկ պատմել են, որ նախազգուշացումը ստանալու պահին կեղտոտ ջուրն արդեն շրջապատել էր իրենց մեքենաները, ողողել փողոցներն ու թափանցել տները։
Հեղեղումներն անդրադարձել են 78 համայնքների վրա՝ հիմնականում Վալենսիա քաղաքի հարավային ծայրամասերում, ինչի հետևանքով տարածաշրջանում զոհվել է 229 մարդ։





























