«Մելիսա» փոթորիկը և դրա հետ կապված հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները վտանգ են ներկայացնում Կարիբյան տարածաշրջանում բնակվող առնվազն 1,6 միլիոն երեխայի կյանքի և առողջության համար։ Այս մասին զգուշացրել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ)։
«Մելիսա» փոթորիկը «կարող է խաթարել հիմնական ծառայությունների աշխատանքը, հատկապես Կարիբյան ավազանի երկրների խոցելի ափամերձ շրջաններում», ներառյալ Ճամայկան, Հաիթին, Կուբան և Դոմինիկյան Հանրապետությունը, նշել են ՅՈՒՆԻՍԵՖ-ում։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատմամբ՝ «քամիները, հորդառատ անձրևները և հանկարծակի ջրհեղեղները սպառնալիք են առնվազն 1,6 միլիոն երեխայի համար»։ Հիմնադրամը և նրա գործընկերները «նախապես պատրաստել են կենսականորեն կարևոր» առաջին անհրաժեշտության պարագաների պաշարներ և «պատրաստ են աջակցություն ցուցաբերել ընտանիքներին ողջ տարածաշրջանի տուժած շրջաններում»։
ՅՈւՆԻՍԵՖ-ը հիշեցրել է, որ վերջին տասնամյակի ընթացքում Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում «մոտ 11 միլիոն մարդ, այդ թվում՝ գրեթե 4 միլիոն երեխա, ամեն տարի անմիջականորեն տուժել է տարերային աղետներից և մարդածին աղետներից»։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը «յուրաքանչյուր երկրի ազգային իշխանությունների և գործընկերների հետ համակարգմամբ աջակցում է արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանն ուղղված ջանքերը, ներառյալ առաջին անհրաժեշտության պարագաները, ինչպիսիք են հիգիենայի միջոցները, ջրի մաքրիչները և բժշկական պարագաները, նախապես պահեստավորումը»։
Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Մելիսա» փոթորիկը հասել է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգերորդ (ամենաբարձր) կատեգորիային, հայտնել է ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը։ Նրա տվյալներով՝ փոթորիկը շարժվում է դեպի արևմուտք 6 կմ/ժ արագությամբ։ Նրա սահմաններում քամու առավելագույն արագությունը հասնում է 72,2 մ/վ-ի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոթորկի մոտենալու կապակցությամբ բնակչության տարհանում է իրականացվում Ճամայկայում, ներառյալ նրա մայրաքաղաքային տարածաշրջանում և Կուբայի արևելքում։




























