Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ընթացքում անդրադարձել է արդյունավետ ծախսերի թեմային՝ շեշտելով, որ պետական բյուջեն պետք է ընկալել որպես հասարակության ընդհանուր ընտանեկան բյուջե։

«Եկեք նայեք, թե մենք ոնց ենք ծնունդ, հարսանիք կամ Նոր տարի կազմակերպում։ Էն օրը մի տեղ քաղաքացիների հետ շփվելիս ասում եմ՝ օրինակ լինում է, որ գնում եք, առևտուր եք անում ձեր ընտանիքի անդամներն ասում են՝ էս ինչ թթվասեր ես բերել, ժամկետը անցած է էս ինչ միս է, հոտ է այս ձմերուկը լխկած էր, սալորը որդնած էր։ Հարցնում եմ՝ լինո՞ւմ է այդպիսի բան ձեզ հետ։ Ասում է՝ հա լինում է։ Ես էլ ասում եմ՝ բա ինչի՞ ես անարդյունավետ ծախսում ընտանեկան բյուջեդ, կոռուպցիոնե՞ր ես։ Բոլորիս հետ դա լինում է, մենք էլ ենք սովորում, փողը ծախսելն էլ է հատուկ հմտություն։

Ամեն Նոր տարուց հետո մենք քանի միլիարդ դրամի ապրանք ենք տանում լցնում աղբանոցը։ Հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք, չենք կարող մենք մեր ընտանեկան խնջույքի կազմակերպման համար ծախսենք գումարը ուրիշ արդյունավետությամբ, հետո հաջորդ օրը գնանք կառավարություն աշխատանքի, դառնանք սուպեր արդյունավետ։ Սա ևս կառավարման և կրթական հարց է։

Լավագույն հարթակը այդ խնդիրների մասին խոսելու հենց պետական բյուջեի նախագծի քննարկումներն են, որովհետև բյուջեն՝ իր ծախսային և եկամտային մասերով, արտահայտում է մեր բոլոր առավելություններն ու թերությունները՝ ոչ միայն կառավարության, այլև ամբողջ հասարակության։

Բոլոր արդյունավետ և անարդյունավետ կողմերը, բոլոր հանրային խնդիրները հենց պետական բյուջեում են արտացոլվում։ Մենք պատուհանից նայում ենք այն ամենին, ինչ տեսնում ենք և ինչ չենք տեսնում։ Այն, ինչ տեսնում ենք, պետական բյուջեն այնտեղ ինչ-որ բան արել է։ Այն, ինչ չենք տեսնում, նշանակում է՝ պետական բյուջեն այնտեղ ինչ-որ բան չի արել։ Իսկ եթե չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել։

Եթե մենք հաշվենք, թե յուրաքանչյուրս մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում որքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, կտեսնենք, որ խոսքը ոչ թե միլիոնների, ոչ թե միլիարդների, այլ տրիլիոնների մասին է։ Այդ տրիլիոնների մի մասը անվերադարձ կորել է, բայց ինչ-որ մասը հնարավոր կլինի վերադարձնել ապօրինի գույքի բռնագանձման կամ այլ մեխանիզմներով։

Բայց մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ այլևս այդ տրիլիոնները չկորցնել։ Մենք պետք է կենտրոնացած մնանք այն ընկալման վրա, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր յուրաքանչյուրի և մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է»,-նշեց Փաշինյանը: