Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի մասին կեղծ տեղեկություններ տարածելու գործով մեղադրյալները դատարանում հայտարարել են, որ իրենց գործողությունները համարում են սատիրա՝ խոսքի ազատության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը։

Պարբերականի տվյալներով՝ ամբաստանյալները հերքել են, որ մասնակցել են համացանցում երկրի ղեկավարի կնոջ նկատմամբ հալածանքներին։ Նրանք սոցցանցերում իրենց հրապարակումները անվանել են «սև հումոր՝ Charlie Hebdo ամսագրի ոճով»։

Նրանք զարմանք են հայտնել, որ իրենց «համացանցային հաղորդագրությունները այն մասին, որ նախագահի կինը փոխել է սեռը, ընկել են հենց առաջին տիկնոջ աչքի առաջ», ով, իրենց համոզմամբ, չի կարդում սոցցանցերը և չունի X-ի էջ։ Ամբաստանյալներից մեկը հարց է տվել՝ «Արդյո՞ք Ֆրանսիայում հումորի համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ», հավելելով, որ «հակառակ դեպքում պետք է արգելել երկրում սոցցանցերի օգտագործումը»։

Ամբաստանյալներն անպատասխան են թողել դատավորների հարցը, թե արդյոք նրանք գիտակցում էին, որ իրենց հրապարակումներն ազդում են նախագահի կնոջ հոգեկան առողջության վրա։ Իր նամակում, որն ուղղված էր քննիչին, Բրիջիտ Մակրոնը գրել էր, որ սոցցանցերի հաղորդագրությունները «տառապանք են պատճառել իր թոռներին, իսկ ինքը ստիպված է լսել այդ թեմայի շուրջ խոսակցությունները արտասահմանյան այցելությունների ժամանակ»։

10 գլխավոր ամբաստանյալներից, որոնց թվում են տեղեկատվական տեխնոլոգիաների մի քանի մասնագետներ, անշարժ գույքի գործակալ, ուսուցիչ և սոցիալական աշխատող, դատավարությանը ներկայացել է միայն 7-ը։ Նրանց միջին տարիքը 50 տարի է։ Լսումներն անցկացվել են հայցվոր Բրիջիտ Մակրոնի բացակայությամբ։ Le Figaro-ի տվյալներով, ամբաստանյալներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։