Ուկրաինայի էներգետիկ, լոգիստիկ, ջրային և գազային ոլորտներին Ռուսաստանի ռազմական հարվածներից հետո որոշում է ընդունվել ստեղծել կոալիցիա՝ երկրի էներգետիկ ոլորտին աջակցելու համար, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է РБК-Украина-ն։
«Թիրախը միայն էլեկտրաէներգիան չէր, դուք դա շատ լավ գիտեք։ Եվ վերջերս որոշում է ընդունվել ստեղծել նման կոալիցիա՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար», - ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան անմիջապես զգացել է Նորվեգիայի, Նիդեռլանդների և անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աջակցությունը։
«Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կկազմակերպենք մեր այժմյան փոքր թիմի տեսակոնֆերանս։ Բայց վստահ եմ, որ մենք կարող ենք միավորել ուժերը՝ այլ երկրների ջանքերը ևս միավորելու համար։ Մեզ աջակցություն է անհրաժեշտ»,- ընդգծել է Զելենսկին։





























