Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կարող է փոխել աշխատավայրը, հաղորդում է Daily Mail-ը։

Աղբյուրը հայտնում է, որ պորտուգալացին իր մարզչական կարիերան հնարավոր է շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Սակայն Մոուրինյոն պետք է սպասի այն պահին, երբ Ալեքս Ֆերգյուսոնը կորոշի հեռանալ ֆուտբոլից։

Մուորինյոն բազմիցս հայտարարել, որ դեմ չի լինի վերադառնալ Անգլիա։ Պորտուգալացի մարզչին միշտ հիացրել է Սեր Ալեքսի աշխատանքը։

Սպասվում էր, որ Մոուրինյոյի պայմանագիրը կավարտվի այն ժամանակ, երբ Ֆերգյուսոնը կհեռանա ֆուտբոլից, սակայն վերջին շրջանում իրադարձություններն այլ կերպ են ընթանում։

Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մոուրինյոյի գործերն այնքան էլ լավ չեն «Ռեալում»։ Բացի այդ, խոսակցություններ կային, որ «Բարսելոնայի» հետ գավաթային հանդիպումներից հետո մարզիչը խնդիրներ է ունեցել Սերխիո Ռամոսի եւ Իկեր Կասիլյասի հետ։ Հաշվի առնելով պորտուգալացու ծանր բնավորությունը` չի բացառվում, որ նա կլքի Արքայական ակումբը։