Հնդկաստանը վեց ամսով ազատվել է ԱՄՆ պատժամիջոցներից՝ Իրանի Չաբահար նավահանգստի ռազմավարական նախագծի իրագործման կապակցությամբ, որը դեպի ցամաքային Աֆղանստան տանող կարևոր դարպաս է, հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։

Ֆրանսպրես գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Նյու Դելին և Թեհրանը պայմանագիր են կնքել երկար ժամանակ հետաձգված Չաբահար նախագիծը մշակելու և վերազինելու համար՝ Հնդկաստանին 10 տարով մուտքի իրավունք տալով։ Սակայն Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել նախագծի նկատմամբ՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ սեպտեմբերին ուժի մեջ մտած միջուկային ծրագրի շրջանակում։

ԱՄՆ օրենսդրությամբ՝ ընկերությունները պարտավոր էին լքել Չաբահարը, հակառակ դեպքում նրանց ամերիկյան ակտիվները կսառեցվեին, իսկ գործարքները կարգելվեին։ Հնդկաստանը, որը Վաշինգտոնի հետ ավելի լայն առևտրային բանակցություններ է վարում, հայտարարել է, որ պատժամիջոցները սառեցվել են։

«Ես կարող եմ հաստատել, որ մենք վեց ամսով ազատվել ենք ԱՄՆ պատժամիջոցներից»,- Նյու Դելիում լրագրողներին հայտարարել է Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։

Նա նշել է, որ արտոնությունը տրամադրվել է «վերջին օրերին», պատժամիոցներից ազատումը կտևի մինչև 2026 թվականի ապրիլը։

Չաբահարը Պակիստանը շրջանցող Աֆղանստան մուտքի այլընտրանքային կետ է, որը երկար ժամանակ վերահսկում էր Աֆղանստանի հետ տարանցիկ առևտուրը։

Բացառությունն արվել է այն կապակցությամբ, որ Պակիստանն ու Աֆղանստանը փխրուն խաղաղության բանակցություններ են վարում՝ վերջին շաբաթներին իրենց անկայուն սահմանի երկայնքով տեղի ունեցած մարտերից հետո։ Միացյալ Նահանգները դժկամությամբ համաձայնել է նավահանգստի նախագծին, երբ ամերիկյան զորքերը գտնվում էին Աֆղանստանում՝ Նյու Դելիին համարելով արժեքավոր գործընկեր՝ 2021 թվականին տապալված Քաբուլի կառավարությանն աջակցելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Հնդկաստանը բարելավել է հարաբերությունները Թալիբանի կառավարության հետ։