Շվեդիայում ձկնորսության պատրաստվող մի տղամարդ անսպասելիորեն կարևոր հնագիտական հայտնագործություն է արել։ Ձկնորսը Ստոկհոլմի մոտակայքում՝ իր ամառանոցի մոտ որդեր փորել-հանելիս պատահաբար արծաթով լի ժանգոտ մետաղյա կճուճ է գտել, հաղորդում է Bild-ը։ Կճուճում ընդհանուր մոտ վեց կիլոգրամ կշռող զարդեր և հազարավոր մետաղադրամներ են եղել։
Հնագետները պարզել են, որ մետաղադրամները հատվել են 12-րդ դարի երկրորդ կեսին Շվեդիան կառավարած Կնուտ Էրիկսոն թագավորի օրոք։ Դրանց վրա կարելի է տեսնել «KANUTUS» գրությունը։ Մասնագետների կարծիքով, գանձը թաղվել է 12-րդ դարում՝ Ստոկհոլմի հիմնադրումից՝ 1252 թվականից շատ առաջ։
Ստոկհոլմի քաղաքային խորհրդի խոսնակ Սոֆիա Անդերսոնը հայտարարել է, թե սա, հավանաբար, Շվեդիայում հայտնաբերված միջնադարյան ամենամեծ արծաթե գանձերից մեկն է։ Ըստ նրա՝ կճուճում եղել է մոտ 20 հազար մետաղադրամ, ինչպես նաև եկեղեցու պաշտոնյաների հատած հազվագյուտ «եպիսկոպոսի» մետաղադրամներ։
Պատմաբանները ենթադրում են, որ գանձը, հնարավոր է, թաքցված է եղել քաղաքական անկարգությունների և շվեդական արիստոկրատական ընտանիքների միջև պատերազմների ժամանակ։ Գանձն այժմ մասնագետների ձեռքում է, որոնք մաքրում և հաշվառում են այն։ Իշխանությունները որոշում են, թե որ թանգարանին կարելի է հանձնել գտածոն, իսկ գանձը հայտնաբերողը փոխհատուցում կստանա։




























