Դեկտեմբերի 30-ին բանակում ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող 18-ամյա Հայկ Խաչատրյանի հարազատները գոհ չեն իրենց որդու մահվան գործով կատարվող քննությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայկի հայրը` Մովսես Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 18-ամյա Հայկ Խաչատրյանի մահից 20 օր անց միայն հարուցված քրեական գործի շրջանակներում, որպես կասկածյալ ձերբակալվել է ՊՆ կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով, այսինքն անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հայկ Խաչատրյանի հոր խոսքով՝ նախաքննական մարմինները միտումնավոր ձգձգում են գործը, քանի, որ իր որդու  մահվան մեղավորներից առնվազն երկուսը` բուժող բժիշկ Արմինե Սերոբյանը եւ զորամասի շտաբի պետը, ով Հայկի հարազատների պնդմամբ իրենց հիվանդ որդուն ստիպել է 10 կմ վազել, դեռեւս ազատության մեջ են:

Հայկ Խաչատրյանի մահից հետո պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հատուկ անկախ հանձնաժողովը, որում ընդգրկված են ե’ւ զինվորականներ ե’ւ բուժաշխատողներ, պետք է պարզեր Հայկ Խաչատրյանի մահվան հանգամանքները: Այս մասին զինվորի հարազատներին տեղեկացրել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նրանց հետ հանդիպման ժամանակ: Սակայն, առ այսօր հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին տեղեկություններ Հայկ Խաչատրյանի հարազատները չունեն:

«Երբ Հայկի դեմքին ջրծաղիկի հետքեր էին հայտնվել, նրան պարտավոր էին անհապաղ ուղարկել ինֆեկցիոն հիվանդանոց, եւ ոչ թե 20 օր շարունակ պահեին զինվորական հոսպիտալում»,-ասում է Հայկի հայրը՝ Մովսես Խաչատրյանը: Ըստ նրա՝ կայծակնային ջրծաղիկ ասվածը հորինվածք է:

Մովսես Խաչատրյանի խոսքով, ինքը հանդիպել է նաեւ Հայկին բուժող բժիշկ Արմինե Սերոբյանի հետ: «Թեեւ նա հերքում է, որ երբեւէ խոսել  է ինձ հետ, բայց ես նրան խնդրում էի, որ տղայիս տեղափոխեն ինֆեկցիոն հիվանդանոց, բայց ասում էր, բան չկա»,-ասել է Մովսես խաչատրյանը:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության տվյալներով սույն  գործով նոր կասկածյալներ առայժմ չկան:

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թվականի հունիսի 1-ին բանակ զորակոչված Հայկ Մովսեսի Խաչատրյանը  զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով դեկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 11:40 մահացել է ջրծաղիկ հիվանդությունից` թողնելով անպատասխան հարցերի մի շարան:

Հայկի հայրը որդու հետ  վերջին խոսակցությունների ժամանակ պարզել է, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան, նրան մեղադրել են «սիմուլյանտության» մեջ եւ ստիպել են վազել 10 կիլոմետր: Դեկտեմբերի 29-ին՝ Հայկի մահվանից մեկ օր առաջ, նրա որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր: Հիվանդանոցի բժիշկները հարազատներին բացատրել են, թե մտահոգվելու առիթ չկա, եւ, որ բուժումն արդյունավետ կլինի, սակայն հայրը ստիպել է, որպեսզի որդուն թույլ տան տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ 18-ամյա Հայկ  Խաչատրյանը մահացել է: Մահվան պատճառը հարազատների համոզմամբ՝ զորամասի հրամանատական եւ բուժանձնակազմերի անտարբերությունն է: