News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 16
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

2011 թվականի հունիսի 1-ին բանակ զորակոչված Հայկ Մովսեսի Խաչատրյանը  զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով դեկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 11:40 մահացել է ջրծաղիկ հիվանդությունից` թողնելով անպատասխան հարցերի մի շարան: Այս մասին NEWS.am-ին ուղարկված նամակում պատմում է Աիդա Ավագյանը` Հայկ Խաչատրյանի տատիկը:

Ավելին` Հայկի հայրը որդու հետ  վերջին խոսակցությունների ժամանակ պարզել է, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան, նրան մեղադրել են «սիմուլյանտության» մեջ եւ ստիպել են վազել 10 կիլոմետր:

Հայկի տատիկը դիմելով խմբագրությանը հարցնում է, թե ո՞վ է պատասխանատու եւս մեկ հայ զինվորի մահվան համար, ո՞վ է պատասխանատու եւս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար, ի՞նչն է պատճառը, որ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ  18-ամյա զինվորի մահվան պատճառ. բժշկի, հրամանատարի անհոգատարությո՞ւնը, բժշկի անգրագիտությո՞ւնը:

Աիդա Ավագյանը պատմում է, որ 2011 թվականի հունիսի 1-ին Հայկ Մովսեսի Խաչատրյանը զորակոչվեց Հայոց բանակ: «Նա մեծ ոգեւորությամբ էր լցված եւ հենց ինքն էլ իր ծննդյան օրը վերցրեց ուղեգիրը: Ծառայության 6 ամիսների ընթացքում Հայկն արժանանում է բանակի գերազանցիկի կոչման: Որոշ ժամանակ անց հայրը տեղեկանում է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ՝ «դիմային նյարդի բորբոքում» ախտորոշմամբ: 2011 թվականի դեկտեմբերի 28 -ին որդուն հերթական այցելության ժամանակ նա գտնում է Հայկին հիվանդանոցի սենյակներից մեկում լքված: Հարցին, թե կերել է արդյոք ինչ-որ բան այդ օրը, Հայկը պատասխանում է միայն թեյ, որը նրան տվել է հարեւան զինվորներից մեկը: Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին Հայկի մոտ որովայնի շրջանում սկսվում են ուժեղ ցավեր, այդ թվում նաեւ էպիլեպսիկ դրսեւորումներ, նա երբեմն ընկնում է ցնցումների մեջ»,- պատմում է տատիկը: 

Այնուհետեւ, տատիկի փոխանցմամբ, բժիշկներն ասել են, որ նրա մոտ կա կույր աղիքի բորբոքում, եւ որ նա պետք է մնա իրենց հսկողության տակ, որպեսզի հարկ եղած ժամանակ ենթարկվի վիրահատության: Նաեւ հարցնում են, թե երեխան արդյոք հիվանդ չէ՞ էպիլեպսիայով: «Նշենք, որ այդ ժամանակ արդեն հայտնի է եղել, որ Հայկի մոտ կա նաեւ ջրծաղիկի վարակ: Նրան ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու հոր հորդորները մերժվում են այն պատճառաբանությամբ, որ նախ պետք է լուծել կույր աղիքի խնդիրը այնուհետեւ զբաղվել ջրծաղիկի բուժմամբ: Այնուամենայնիվ, հոր շարունակվող հորդորներից, սպառնալիքներից հետո, առավոտյան հրավիրված բժշկական խորհրդակցության արդյունքում՝ Հայկը տեղափոխվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո պարզվում է, որ Հայկի մոտ առկա է ջրծաղիկ հիվանդություն՝ իր ծայրահեղ բարդացած վիճակով: Բժշկի խոսքով՝ նրա մոտ արդեն ախտահարված էին համարյա բոլոր ներքին օրգանները, այդ թվում նաեւ ուղեղը, եւ նրա կյանքը փրկելու հույս գրեթե չկար: Արդեն պարզ է դառնում որովայնի շրջանում ցավերի եւ վերջին օրերի էպիլեպտիկ երեւույթների իրական պատճառը»,- վերհիշում է Աիդա Ավագյան:

Բայց, դժբախտաբար դեկտեմբերի, 30-ին գիշերը ժամը 11:40 Հայկը մահանում է՝ թողնելով անպատասխան հարցերի մի շարան:

Նշենք, որ երիտասարդ զինվորը մահացել է ջրծաղիկի ռիացեռալ չարորակ ձեւից եւ  էնցեֆալիտ տոտալ արնահոսություն ախտանիշով:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է տեղի ունեցել ինչպես նաեւ տեղեկացրեց, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատամամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):  Քրգործը հարուցվել է ՊՆ Քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում:

Մերի Սարգսյանի խոսքով, ներկա պահին ձերբակալվածներ չկան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, եթե մեղավոր անձ լինի, նոր միայն  կպատժվի: Ավելին` Մերի Սարգսյանի փոխանցմամբ , ներկա պահին կասկածյալներ էլ չկան:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ