Այս շաբաթ Լուվրի զարդերի աննախադեպ գողության մեջ կասկածվող կինը շաբաթ օրը ներկայացել է հաշտարար դատավորի առջեւ, որը կորոշի նրա ձերբակալման հարցը։
AFP լրագրողի խոսքով՝ 38-ամյա կինը լաց է եղել, երբ հաստատել է, որ ապրում է Փարիզի հյուսիսային արվարձան Լա Կուրնյովում։ Նրան մեղադրում են կազմակերպված գողությանը մասնակցելու եւ հանցագործություն կատարելու դավադրության մեջ։
Մեղադրանքի կողմի խնդրանքով լսումները շարունակվել են դռնփակ։ Շաբաթ օրն ավելի վաղ Փարիզի դատախազությունը չէր նշել, թե քանի կասկածյալ կներկայանա դատարան։
Անցյալ ամիս էլեկտրական գործիքներով զինված գողերը ցերեկը ներխուժել են Լուվր՝ աշխարհի ամենաշատ այցելվող արվեստի թանգարան, եւ ընդամենը յոթ րոպեում գողացել են մոտ 102 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։ Ֆրանսիական իշխանությունները սկզբում հայտարարել են երկու կասկածյալի ձերբակալության մասին, իսկ այս շաբաթ դատախազությունը հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է եւս հինգ մարդու, այդ թվում՝ գլխավոր կասկածյալին։
Հինգ ձերբակալությունները տեղի են ունեցել Փարիզում եւ նրա շրջակայքում, մասնավորապես՝ Փարիզից հյուսիս գտնվող Սեն-Սեն-Դենիում։ Այս շաբաթ ձերբակալված հինգ տղամարդկանցից մեկը ուրբաթ ազատ է արձակվել առանց մեղադրանքի, ըստ նրա փաստաբանների՝ Սոֆիա Բուգրինի եւ Նոեմի Գորինի։
Այս շաբաթ Փարիզի դատախազ Լոր Բեկուոն հայտնել է, որ ավելի վաղ ձերբակալված առաջին երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել գողության եւ դավադրության համար՝ «մեղադրանքները մասամբ խոստովանելուց» հետո։
Նրանցից մեկը Ֆրանսիայում բնակվող Ալժիրի 34-ամյա քաղաքացի է, որը նույնականացվել է փախուստի ժամանակ օգտագործված սկուտերներից մեկի վրա հայտնաբերված ԴՆԹ-ի միջոցով։
Երկրորդ կասկածյալը Փարիզի արվարձան Օբերվիլից է, լիցենզիա չունեցող 39-ամյա տաքսու վարորդ։ Երկուսն էլ ոստիկանությանը հայտնի էին գողություններ կատարելու գործերով։ Առաջինը ձերբակալվել է Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում, Ալժիր մեկնող ինքնաթիռ նստելու պահին։
Երկրորդը ձերբակալվել է կարճ ժամանակ անց իր տան մոտ, եւ ըստ դատախազների՝ որեւէ ապացույց չկար, որ նա պատրաստվում էր արտասահման մեկնել։ Նրանք կասկածվում են պատկերասրահ ներխուժելու մեջ, մինչ երկու հանցակիցները սպասում էին դրսում։ Գողոնը կորել է։ Փախուստի ժամանակ գողացել են ադամանդներով եւ զմրուխտներով զարդարված թագը, որը մի ժամանակ պատկանել էր Նապոլեոն III-ի կնոջը՝ կայսրուհի Եվգենիային։
Գողացել են եւս ութ զարդեր, այդ թվում՝ զմրուխտներով եւ ադամանդներով զարդարված վզնոցը, որը Նապոլեոն I-ը նվիրել էր իր երկրորդ կնոջը՝ կայսրուհի Մարի-Լուիզային, եւ կայսրուհի Եվգենիային պատկանած թագը՝ զարդարված գրեթե 2 000 ադամանդներով։




























