Հոկտեմբերին Գերմանիայում ապաստան ստանալու առաջին դիմումների քանակը նվազել է մոտ 55 %-ով՝ նախորդ տարվա 19 785 դիմումից հասնելով 8 823-ի, հաղորդում է Bild-ը։
Սեպտեմբերի համեմատ (9 126 դիմում) նվազումը կազմել է մոտ 3,3 %։ Ավելի վաղ՝ այս տարվա հունիսին, առաջին դիմումների քանակը հասել էր նվազագույն ցուցանիշին՝ 6 860, ինչը 59 %-ով պակաս էր նախորդ տարվա հունիսի համեմատ։
Տարվա ընթացքում արձանագրվել են տատանումներ․ որոշ ամիսներին ցուցանիշները եղել են հոկտեմբերինից ցածր, իսկ մյուսներում՝ բարձր։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը նշել է, որ միգրացիայի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն արդեն արդյունք են տալիս։
Ըստ նրա, հաջողվել է զգալիորեն նվազեցնել այն գործոնները, որոնք գրավում են անօրինական միգրանտներին, և թուլացնել Գերմանիայի «մագնիսային» ազդեցությունը։
Բացի նոր դիմումների թվի նվազումից, կառավարությունը նախատեսում է արագացնել արտաքսումները։ Նախկինում Սիրիա արտաքսումները հիմնականում վերաբերում էին վտանգավոր անձանց և իրավախախտներին, իսկ այժմ ծրագրում ներառվել են նաև սովորական երիտասարդ փախստականները, որոնց ապաստանի դիմումները մերժվել են։
Գերմանիայի միգրացիայի դաշնային գերատեսչությունը կրկին կսկսի մշակել այն սիրիացիների դիմումները, որոնց ընթացքը նախկինում դադարեցվել էր Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով։ Նախկինում ժամանած սիրիացիները շարունակում են մնալ Գերմանիայի պաշտպանության ներքո։
Նախարարն ավելի վաղ նաև քննարկել էր ԵՄ երկրների գործընկերների հետ միգրանտների վերադարձի կենտրոնների («Return Hubs») ստեղծումը ԵՄ սահմաններից դուրս։ Այս միջոցառումները նպատակ ունեն համակարգված կերպով կարգավորել միգրացիան և բարձրացնել արտաքսումների արդյունավետությունը։




























