Դաստակերտի ամայի փողոցները վախեցնում են ու միաժամանակ հետաքրքրություն արթնացնում. ովքեր են ապրել այս տներում, որոնք այժմ պատուհանների ու դռների դատարկ որմնախորշերից նայում են աշխարհին։
Դաստակերտը հիմնադրվել է 1951 թվականին՝ հանքարդյունաբերության զարգացումը խթանելու նպատակով. այստեղ տեղակայված էր պղնձամոլիբդենային հանքահարստացման գործարանը։ Երեք տասնամյակ առաջ հանքարդյունաբերությունը դադարեց, և քաղաքը, որի ամբողջ բարեկեցությունը կառուցված էր հանքարդյունաբերության վրա, ամայացավ։

Լքված գյուղից կես կիլոմետր հեռավորության վրա դեռևս կանգուն են լքված գործարանային շենքերի և բնակելի շինությունների կմախքները։ Բովանցքի սև երախից մի փոքրիկ առվակն է կարկաչում, իսկ բուն մուտքը փակված է հետաքրքրասերների համար կտրված ծառերի պատնեշով, որոնց չոր ճյուղերը ձգվում են դեպի երկինք, կարծես նախազգուշացնելով՝ «ԿԱՆԳՆԵ՛Լ»։

Բովանցքից կարկաչող առվակի հունը ներկված է տհաճ կարմրանարնջագույնով. ակնառու վկայություն, որ լքված հանքվայրը, նույնիսկ 30 տարի անց, շրջակա միջավայրի աղտոտման նշաններ է ցույց տալիս։ «Գետը մաքուր հոսում է և աղտոտված դուրս գալիս։ Վնասը շարունակվում է նույնիսկ 30 տարի անց։ Սա հստակ ապացույց է այն բանի, թե ինչ է պատահում, երբ շահագործված հանքը լքվում է առանց վերականգնման և մարդկային գործունեության հետևանքները վերցնելու։ Վերականգնումը թանկ է, ընկերությունները նախընտրում են հեռանալ, և բեռը մնում է մեր ուսերին։ Կառավարությունը փորձում է ինչ-որ բան անել, բայց դա ակնհայտորեն բավարար չէ»,- բնապահպանական շրջագայության մասնակիցների հետ զրույցում նշում է փաստաբան և էկոլոգ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ղեկավար Նազելի Վարդանյանը։


Դաստակերտում դպրոց կա, բայց աշակերտներ գրեթե չկան. մեկ տասնյակից էլ պակաս։ Լավ լուրը գյուղ տանող ասֆալտապատ ճանապարհն է (ընդամենը մի քանի տարի առաջ Սիսիանից Դաստակերտ 20 կիլոմետրանոց ճանապարհը կտևեր մեկ ժամ) և դպրոցին նվիրաբերված հեծանիվները։


Լավ կառուցված երկհարկ և եռահարկ տները, հարմար դասավորությունը և դատարկ փողոցների դեռևս գրավիչ տեսքը վկայում են, որ Դաստակերտը մի ժամանակ ծաղկող համայնք էր։ Դաստակերտը մի ժամանակ մի քանի հազար բնակչություն ուներ։ Այժմ մնացել է երեք հարյուրից պակաս բնակիչ, որոնց թվում՝ նրանք, ովքեր գալիս են ամռանը։ Սակայն Դաստակերտում մնում են հիմնականում նրանք, ովքեր պարզապես գնալու այլ տեղ չունեն, ինչպես 92-ամյա պապիկ Կոլյան և նրա կինը՝ Գալյան, որոնք այստեղ են տեղափոխվել 30 տարի առաջ Բաքվից։

Դաստակերտի ապոկալիպտիկ լանդշաֆտը նաև անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Նախիջևանի հետ սահմանի մոտ գտնվելով՝ Դաստակերտը խիստ կարիք ունի աշխատատեղերի և կառավարության ակտիվ ուշադրության։




























