Հունաստանի և Ալբանիայի սահմանի ծծմբի քարանձավում հայտնաբերվել է ենթադրաբար աշխարհի ամենամեծ սարդոստայնը, որը ստեղծել են 111 հազար սարդեր: Հայտնագործության մասին հայտնել է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ սարդոստայնը գրավում է 106 քառակուսի մետր տարածք: Ըստ Տրանսիլվանիայում (Ռումինիա) գործող հունգարական Սապիենտիա համալսարանի կենսաբան Իշտվան Յուրակի՝ այն, ըստ էության, հազարավոր առանձին սարդոստայններից կազմված մեծ «խճանկարային ծածկոց» է:

Յուրակը նշել է, որ այս հայտնագործությունը Tegenaria domestica-ի (տնային սարդ – խմբ.) և Prinerigone vagans-ի գաղութային վարքագծի առաջին հաստատումն է: Իրենց բնական միջավայրերում այս տեսակները թշնամական են և համատեղ սարդոստայններ չեն ստեղծում:

Հետազոտողները գնահատել են, որ նույն հսկայական կառույցում բնակվել են մոտավորապես 69 հազար տնային սարդեր և ավելի քան 42 հազար Prinerigone vagans-ներ: Երկու տեսակներն էլ որսում էին միջատներ, որոնք էլ իրենց հերթին սնվում էին մանրէային բիոթաղանթներով: Հրատարակությունը, հղում անելով գիտնականներին, հայտնում է, որ ցանցն այնքան ծանր է, որ որոշ տեղերում կարող է սեփական քաշի տակ պոկվել պատից: