Իսպանացի բժիշկ և հանրային առողջապահության փորձագետ Դավիդ Սեսպեդեսը զգուշացրել է ելակի մեջ թունաքիմիկատների բարձր կոնցենտրացիայի մասին: Նրա համոզմամբ՝ այդ հատապտուղը ավելի շատ քիմիական նյութեր է կուտակում, քան մյուս մրգերի և բանջարեղենի մեծ մասը: Փորձագետը իր մտահոգությունների մասին պատմել է Mirror-ին տված հարցազրույցում:

Թունաքիմիկատները քիմիական նյութեր են, որոնք օգտագործվում են վնասակար օրգանիզմների, մասնավորապես՝ միջատների, մոլախոտերի, սնկերի և այլի ոչնչացման կամ դրանց աճը կանխելու նպատակով: Թունաքիմիկատները կարող են օգտագործվել նաև կենդանիների և մարդկանց համար վտանգավոր մակաբույծների և հիվանդությունների կրողների դեմ պայքարելու համար: Ընդսմին, որոշ թունաքիմիկատներ կարող են սուր թունավորում առաջացնել կամ հանգեցնել որոշակի խրոնիկական հիվանդությունների զարգացման:

Փորձագետը նշում է, որ շատերին թվում է, թե ելակը պարզապես ջրի տակ լվանալը բավարար է վնասակար նյութերից ազատվելու համար:

«Ամենատարածված սխալը հատապտուղները մի քանի վայրկյան ծորակի ջրի տակ լվանալն է, ապա դրանք խոնավ պահելը սառնարանում: Այդ մեթոդը ոչ միայն չի հեռացնում թունաքիմիկատների մնացորդները, այլև արագացնում է փչացումը»,- նշել է Սեսպեդեսը:

Քիմիական նյութերի ազդեցության վտանգը նվազեցնելու համար նա խորհուրդ է տալիս ելակը 10 րոպե թրջել աղաջրում կամ 3%-անոց քացախաջրի մեջ, լավ չորացնել և պահել լավ օդափոխվող տարայի մեջ: Փորձագետը զգուշացնում է, որ նույնիսկ փոքր քանակությամբ թունաքիմիկատները ժամանակի ընթացքում ի վիճակի են վնասակար լինել, հատկապես երեխաների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: