Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է նոյեմբերի 7-ից սահմանափակումներ մտցնել երկրի որոշ խոշոր օդանավակայաններում ավիափոխադրումների ծավալների վրա և թույլատրել տիեզերական արձակումներ իրականացնել միայն օրվա որոշակի ժամերին՝ կապված ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման (շաթդաունի) հետ։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
Նա նշել է, որ շաթդաունի պատճառով երկրի օդանավակայաններում ավիադիսպետչերների և այլ տեխնիկական մասնագետների պակաս է առաջացել։ Ըստ Դաֆիի, ԱՄՆ իշխանությունները դրա հետ կապված միջոցներ կձեռնարկեն՝ անվտանգության նպատակով։ «Դրանցից մեկը կլինի այն, որ մենք 10%-ով կկրճատենք փոխադրումների ծավալները մեր 40 կետերում»,— ասել է նա։ Ինչպես նա պարզաբանել է, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ամերիկայի խոշոր օդանավակայաններին։ Դրանց ցանկը շուտով կհրապարակվի։
Նախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ում տիեզերական արձակումները կթույալտրվեն միայն «օրվա որոշակի ժամերին»։ «Արձակումները կարող են լրջորեն խաթարել օդային տարածքում իրականացվող գործառնությունները»,- պարզաբանել է Դաֆին։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել։
Նախարարի խոսքով՝ նոր կանոնակարգերը ուժի մեջ կմտնեն «ուրբաթ [նոյեմբերի 7-ի] առավոտյան»։ Թե որքան ժամանակ դրանք ուժի մեջ կմնան, դեռևս չի նշվում։ Դաֆին հնարավոր է համարել լրացուցիչ սահմանափակումները։
ԱՄՆ ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը (շաթդաունը) սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանի հետևանքով, որ Կոնգրեսում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ մի շարք ծախսային հոդվածների շուրջ, ներառյալ առողջապահության ոլորտում։ Նրանք մինչ օրս չեն կարողանում պայմանավորվածություններ ձեռք բերել։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց են մեղադրում շաթդաունը հրահրելու և այն քաղաքական նպատակներով ձգձգելու մեջ։
ԱՄՆ կառավարության աշխատանքի ներկայիս դադարեցումն արդեն դարձել է ամենաերկարատևը երկրի պատմության մեջ՝ գերազանցելով 2018-2019 թվականներին ԱՄՆ ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում սահմանված ռեկորդը։ 2018 թվականի դեկտեմբերի 22-ի կեսգիշերին սկսված շաթդաունը հաջողվեց հաղթահարել 35-րդ օրը՝ 2019 թվականի հունվարի 25-ին։





























