Ուկրաինան կբախվի «հավերժ պատերազմի» և տարածքի դանդաղ էրոզիայի, եթե Եվրոպան կտրուկ չմեծացնի Ռուսաստանի վրա ճնշումը, ներառյալ՝ զորքեր տեղակայելով և ՆԱՏՕ-ի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգ և անօդաչու թռչող սարքեր կառուցելով՝ Ուկրաինան ռուսական ենթակառուցվածքների վրա հարձակումներից պաշտպանելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Ռասմուսենը, որը 2009-2014 թվականներին եղել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա, իսկ 2001-2009 թվականներին՝ Դանիայի վարչապետ, The Guardian-ին ասել է, որ եթե Լեհաստանի նման երկրները համաձայնեն տեղակայել նման ՀՕՊ համակարգեր, Ռուսաստանը կհասկանա, որ դրանց վրա հարձակումը կլինի հարձակում ամբողջ ՆԱՏՕ-ի վրա։

«Մենք Ուկրաինայի ժողովրդին պետք է օգնենք պաշտպանվել ռուսական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից՝ ստեղծելով օդային վահան, որն ուկրաինացիներին կօգնի խփել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Ուկրաինային հարևան ՆԱՏՕ-ի երկրները կարող են դառնալ ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահռթիռային պաշտպանության համակարգերի տեղակայողներ», - ասել է նա։

Ռասմուսենը նաև կոչ է արել Ուկրաինան պաշտպանելու համար տեղակայել եվրոպական ուժեր, նախքան հրադադարի համաձայնագրի կնքումը: Նա ասել է, որ «կամավորների կոալիցիան», որը հույս ունի նման ուժ հավաքել մարտական ​​գործողությունների ավարտից հետո, վերածվել է սպասողական կոալիցիայի։

 «Եթե մենք լուրջ փոփոխություն չանենք ռազմավարության մեջ, կբախվենք հավերժական պատերազմի,- ընդգծել է նա,- Պուտինը ոչ մի խթան չունի խաղաղության բանակցություններին մասնակցելու համար, քանի դեռ կարծում է, որ կարող է հաղթել մարտադաշտում: Անհրաժեշտ է արագության և մտածողության փոփոխություն»։

Ուկրաինայի ղեկավարության հետ սերտ կապեր հաստատած Ռասմուսենը շրջագայում է եվրոպական մայրաքաղաքներում, որոնց թվում և՝ Լոնդոնում, որպեսզի հանդիպի Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ։

Նրանք քննարկել են, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային՝ օգտագործելով նմանատիպ ձևակերպումներ, ինչպիսին վերջերս օգտագործեց, երբ անվտանգության երաշխիքներ տրամադրեց Կատարին՝ Դոհայի վրա Իսրայելի հարձակումից հետո։