Իսպանիայի աքսորված նախկին թագավոր Խուան Կառլոս I-ը առաջին անգամ խոսել է այն մասին, թե ինչպես է կրակել իր կրտսեր եղբոր վրա, երբ նրանք դեռահաս էին, հաղորդում է Daily Mail-ը։
Նախկին թագավորը, որն այժմ բնակվում է Դուբայում, այս շաբաթ հրապարակել է իր 500 էջանոց հուշագրությունը, որում նա պատմում է գրեթե 70 տարի առաջ Ալֆոնսո I-ի մահվան մասին։
Խուան Կառլոսը խոստովանում է ընթերցողներին, թե տասնամյակներ շարունակ «չէի սիրում խոսել դրա մասին, և առաջին անգամն է, որ խոսում եմ»։
Ֆրանսիայում «Իսպանիայի Խուան Կառլոս I. Հաշտեցում» վերնագրով հրատարակված գրքում 87-ամյա հեղինակը նկարագրում է, թե ինչպես է փորձում վերականգնել իր օտարացած որդու՝ Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի հետ հարաբերությունները և հաղթահարել անցյալի ցավոտ հիշողությունները։
Նա պատմում է իր մանկության մի տրավմատիկ դեպքի մասին, երբ եղբոր հետ, դեռահաս տարիքում, 1956 թվականին Պորտուգալիայի իրենց ընտանիքի տանը «խաղում» էին ատրճանակով։
«Ես երբեք ուշքի չեմ գա այս ողբերգությունից։ Դրա ծանրությունը հավերժ կուղեկցի ինձ»,- գրել է Խուան Կառլոսը։
Դեպքը նկարագրված է «Ողբերգություն» վերնագրով ընդամենը երկու էջանոց գլխում, որտեղ նախկին միապետը բացատրում է, որ պահունակը հանվել էր ատրճանակից, ուստի ինքը ենթադրել է, որ այն անվնաս է։
«Կրակոց արձակվեց օդ, գնդակը ռիկոշետով հարվածեց եղբորս ուղիղ ճակատին։ Նա մահացավ մեր հոր գրկում»,- ասել է թագավորը։
Այդ ժամանակ կրակոցի միջադեպի հանգամանքների վերաբերյալ դատական հետաքննություն չի իրականացվել։ 18-ամյա Խուան Կառլոսը և 14-ամյա Ալֆոնսոն, ըստ երևույթին, խաղում էին կրտսեր եղբորը պատկանող Star Bonifacio Echeverria ավտոմատ ատրճանակով։
Քանի որ զույգը սենյակում մենակ էր խաղում, միշտ անհասկանալի է մնացել, թե ինչպես է Ալֆոնսոն սպանվել։ Արքայադուստր Մարիա դե լաս Մերսեդեսի դերձակուհիներից մեկն այդ ժամանակ պնդում էր, որ Խուան Կառլոսը ատրճանակը ուղղել է Ալֆոնսոյի վրա և կրակել՝ չիմանալով, որ այն լիցքավորված է։
Սակայն, այլ աղբյուրներ կարծում են, որ գնդակը ռիկոշետով հարվածել է կամ դուռը դիպել է նախկին թագավորի ձեռքին, ինչի հետևանքով նա պատահաբար կրակել է եղբոր վրա։ Երկար ժամանակ նաև կարծում էին, որ Խուան Կառլոսը, որը Զատկի տոնին տուն էր վերադարձել բարձր անվտանգության ռազմական դպրոցից, մաքրում էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի տված ատրճանակը, երբ կրակել է եղբոր վրա։




























