Այշատ Բայմուրադովան առաջին չեչենուհին է, որը սպանվել է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ հանրապետությունից փախչելուց հետո։ Սովորաբար, եթե ինչ-որ մեկը փնտրում է չեչեն կանանց, որոնք փախել են ընտանեկան բռնությունից, ապա դա նրանց ընտանիքն է։ Ազգականները կարող են համոզել վերադառնալ, սպառնալ և առևանգել, գրում է BBC-ն։

«Ոմանց հետագայում սպանել են։ Սակայն այս անգամ իրավապաշտպանները կասկածում են, որ Այշատի ընտանիքը առնչությւոն է ունեցել կատարվածի հետ։ Հենց սա է ամենամեծ մտահոգությունը պատճառում նմանատիպ ճակատագիր ունեցող այլ աղջիկներին. եթե սպանության հետևում կանգնած է մեկ ուրիշը, ապա որտեղի՞ց է այժմ սպառնալիքը, և արդյո՞ք դա նշանակում է, որ իրենք բոլորն էլ վտանգված են։

2025 թվականի փետրվարին 23-ամյա Ալեքսը զբոսնում էր հայկական փոքրիկ քաղաքի փողոցներով, երբ անցորդներից մեկը գրավեց նրա ուշադրությունը իր վառ մազերով և խրթին դաջվածքներով։ Ալեքսը մոտեցավ ծանոթանալու, աղջիկներն արագ լեզու գտան, փոխանակվեցին կոնտակտներով, և խոսակցության վերջում Ալեքսը նոր ծանոթին հյուր կանչեց։

Ալեքսի իրական անունը Այշատ Բայմուրադովա է։ Այդ ժամանակ նա Հայաստանում էր ընդամենը մի քանի շաբաթ և նոր էր սկսել կրկին ազատորեն դուրս գալ փողոց և օգտվել հեռախոսից։ Նոր ծանոթի միջոցով Ալեքսը՝ ինչպես նա ներկայանում էր նոր երկրում, ծանոթացավ ռուսաստանցիների մի խմբի հետ, որոնք միասին էին տուն վարձում։

«Նա շատ էր ուզում շփվել, ընկերություն անել, իրեն հոգեհարազատ մարդկանց գտնել։ Մի անգամ Ալեքսն ինձ ձայնային հաղորդագրություն ուղարկեց, որում ասում էր, որ չի հավատում, թե դա իրական է, որ կան մարդիկ, ովքեր իրեն հասկանում են»,- հիշում է Այշատի ծանոթուհի Մարիան։

Նման մի հաղորդագրություն պահպանվել է։ Այշատն ասում է. «Ինչ հիանալի էր երեկ։ Սա ինչ-որ հրաշալի երազ է»։

«Ալեքսն իսկապես մարդկային մտերմություն էր ուզում, բայց նրա համար դա շատ դժվար էր, քանի որ նա մշտապես Չեչնիայի պատճառած տրավմայի մեջ էր։ Չեչնիան երբեք նրան հանգիստ չէր թողնում»,- հիշում է Մարիան։

Ալեքսը Հայաստանում իր ընկերներին պատմել էր, որ մեծացել է մի ընտանիքում, որտեղ երեխաները դաստիարակվել են կրոնական խստությամբ. օրինակ, հայրը դաժանորեն պատժում էր Այշատին, եթե նա փորձում էր դպրոցում շփվել տղաների հետ։

Աղջկա վկայությամբ, չորս տարեկանից սկսած նա բռնության է ենթարկվել հոր կողմից։ «Ես լավ եմ հիշում, թե ինչպես էր նա դա նկարագրում։ Սարսափելի տրավմա ամբողջ կյանքի համար»,- հիշում է Մարիան ընկերուհու հետ զրույցները։

Այշատն ասում էր, որ իր հայրը՝ Ալիխան Բայմուրադովը, «զինվորական թոշակառու է»։ «Важные истории» պարբերականը ենթադրում է, որ տղամարդը ոստիկանությունում եղել է օպերատիվ աշխատող։ Լրագրողները նաև պարզել են, որ Այշատի հորեղբայրը՝ Իսլամ Բայմուրադովը, Չեչնիայի ՆԳՆ վարչության աշխատակից է։ Ալեքսը պնդում էր, որ իր տատը Ահմադ Կադիրովի երկրորդ պորտի քույրն է, և «Важные истории»-ն գրում է, որ դա հնարավոր է։

Այշատ Բայմուրադովան պատմում էր, որ երբ դարձել է 20 տարեկան, նրան ամուսնացրել են 29-ամյա հրաձգության հրահանգչի հետ, որին մինչև հարսանիքը տեսել էր ընդամենը մի քանի անգամ։ Ավելի ուշ նա պատմում էր, որ ամուսինը ծեծում էր իրեն, պահում էր փակված, տանը տեսախցիկներ էր տեղադրել՝ կնոջը հետևելու համար, թույլ չէր տալիս օգտվել հեռախոսից։ Այս ամուսնությունում Այշատը որդի է ունեցել։

«Չգիտեմ՝ արդյո՞ք Այշատն ընդհանրապես ուզում էր երեխա ունենալ, քանի որ [նրա կյանքը] համատարած բռնություն էր։ Ամենասարսափելին ինձ համար երեխայի մասին հարցնելն էր, քանի որ իր 23 տարեկանում նա ինքը դեռ երեխա էր։ Նա իրականության անդեպ մաքուր հայացք ուներ, քանի որ, կարելի է ասել, ոչինչ չէր տեսել իր կյանքում։ Այսինքն՝ սա մի երեխա էր, որը երեխա ուներ։ Բայց նա հասկանում էր, որ որդին արդեն իրեն չի պատկանում, որ նրան երբեք չի կարող փախցնել Չեչնիայից։ Եվ Չեչնիան էլ նրա ներսում երբեք չի անհետանա։ Նա գիտեր, որ ամուսինը [և նրա ընտանիքը] կփչացնեն երեխայի հոգեկան աշխարհը և որդուն կհամոզեն, որ մայրը դավաճան է»,- ասում է Մարիան։

Չեչնիայից փախչելու համար Այշատը միանգամից մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների դիմեց։ Երեխաներ ունեցող կանանց օգնողներին նա պատմում էր իր որդու մասին։ Մյուսներին, որոնք պաշտպանում են ԼԳԲՏ+ անձանց իրավունքները, Այշատը գրում էր, որ ինքը տրանսանձնավորություն է։ Հայտնի է, որ Հայաստանում նա իսկապես ներկայանում էր Ալեքս անունով, բայց արձագանքում էր «նա» (она) դիմելաձևին։

«Հյուսիսային Կովկասի SOS» իրավապաշտպան խումբը օգնեց Այշատին տարհանել անցյալ տարեվերջին։ Իրավապաշտպանները նրան օգնեցին գումարով և բնակարանով առաջին երեք ամիսների համար. այս ժամանակը տրվում է աղջիկներին՝ ուշքի գալու և աշխատանք գտնելու համար։ Դրանից հետո նրանք դուրս են գալիս ծրագրից և ապրում ինքնուրույն։

Այշատը ձգտում էր անկախության՝ նա անմիջապես գտավ մատուցողուհու աշխատանքը։ Ընկերները հիշում են նրա 12-ժամյա հերթափոխերը «մի քանի կոպեկի համար»։ Ալեքսի հարաբերությունները գործընկերների հետ լավ չէին՝ գավառական հայկական քաղաքում չգնահատեցին նրա շփման վարվելակերպը և դատապարտում էին նրան, որ նա զբաղված չէ «նորմալ ամուսին» փնտրելով։ Իր հանդեպ այդպիսի վերաբերմունք հանդուրժել աղջիկը չէր ուզում և կտրուկ էր պատասխանում՝ առանց վախենալու կոնֆլիկտների մեջ մտնելուց։

Աշխատանքի նման գրաֆիկով ընկերների համար գրեթե ժամանակ չէր մնում, բայց նա, միևնույն է, երբեմն այցելում էր՝ միասին ֆիլմ դիտելու։ «Ալեքսը շատ էր ուզում գումար վաստակել և անկախ լինել։ Հավանաբար, որպեսզի ոչ ոք այլևս չկարողանա ասել, թե նա թույլ է»,- ասում է Մարիան։

Գավառային քաղաքում նորմալ պայմաններ չգտնելով՝ Այշատը որոշեց տեղափոխվել Երևան, որտեղ երազում էր մի օր խոհարար դառնալ։ Նա բնակարան էր վարձում նոր ընկերների հետ և ժամանակավորապես աշխատանքի անցավ որպես մաքրուհի։

Իրավապաշտպանները մտավախություն ունեին, որ հաշվի առնելով նրա ազգականների կապերը՝ նրանք անպայման կփորձեին աղջկան հետ բերել տուն, բայց դա տեղի չունեցավ։ Այշատն ինքը գրեց ընտանիքին։

«Նրանք կարճ նամակագրություն ունեցան, որի ժամանակ նրանք սկզբում խնդրում էին նրան վերադառնալ և ասում էին, որ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Երբ նա չհամաձայնվեց, նրանք հրաժարվեցին նրանից. «Դու այլևս ոչ դուստր ես, ոչ կին, մենք քեզ ձեռք չենք տա, դու էլ մեզհանգիստ թող»»,- պատմում է «Հյուսիսային Կովկասի SOS» իրավապաշտպան խմբի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Միրոշնիկովան։

Ի տարբերություն աղջիկների մեծամասնության, որոնք փախուստից հետո փակ կյանք են վարում, Այշատն ակտիվ էր սոցցանցերում, հանդես էր գալիս իր անունով, չէր թաքցնում իր դեմքը, քննադատում էր Չեչնիայում տիրող պատրիարքական համակարգը, կրոնը, չեչեն տղամարդկանց և իր սեփական ընտանիքը։

Այշատը քննադատում էր նաև այլ չեչենների և անձամբ Ռամզան Կադիրովին։ Միանգամից մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների աշխատակիցներ Այշատին կոչ էին անում ավելի զգույշ լինել հրապարակային հայտարարություններում։

Հոկտեմբերի 15-ին Այշատը մեկնեց ընկերուհու հետ հանդիպման։ Բայմուրադովայի ծանոթը Port պարբերականին հայտնել է, որ գիշերը ժամը 1-2-ի սահմաններում Այշատը տեսանյութեր է ուղարկել, որոնցում նա ընկերուհու բնակարանում վիսկի է խմում։ Իսկ գիշը ժամը 3-ից հետո Ալեքսը դադարել է կապի դուրս գալ։ Այդ օրը Այշատ Բայմուրադովան տուն չի վերադարձել։

Հայաստանի ոստիկանությունը սկսել է աղջկան փնտրել հոկտեմբերի 17-ից։ Երկու օր անց ոստիկանություն զանգ է ստացվել. տղամարդն իր վարձակալության տրված բնակարանում հայտնաբերել է Այշատի դիակը։ «Կովկասն առանց մոր» նախագծի հիմնադիր Լիդիա Միխալչենկոն հայտնել է, որ աղջկան հնարավոր է խեղդել են։

Այշատ Բայմուրադովայի գործը եզակի է նրանով, որ սա Չեչնիայից փախած աղջկա սպանության առաջին դեպքն է մեկ այլ երկրի տարածքում։ Նման սպանությունների իրական պատճառը «անձնական և ընտանեկան հավակնությունների ինքնագոհ բավարարումն է, որը հրահրվում է հասարակական կարծիքով, բամբասանքներով, լուրերով և զրպարտությամբ»,- ասվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստեղծված Ուիլսոնի հետազոտական կենտրոնի զեկույցում։

2000-ականների սկզբից Եվրոպա, նախ պատերազմի, իսկ հետո Կադիրովի ռեժիմի ռեպրեսիաների պատճառով, Չեչնիայից ապաստան փնտրողներ էին գալիս։ Հիմնական ուղղություններն էին Լեհաստանը, Ֆրանսիան և Ավստրիան։ Միակ «պատուհանը», որ թողնվել էր այդ կանանց, Հարավային Կովկասն էր, մասնավորապես, առանց վիզայի Վրաստանը և Հայաստանը։ Սակայն դեռ Լաուրա Ավտորխանովային առևանգելու փորձից և Այշատ Բայմուրադովային սպանելուց առաջ պարզ էր՝ այս երկրները լիարժեք անվտանգություն չեն երաշխավորում Հյուսիսային Կովկասից փախչող կանանց։ Հայտնի են դեպքեր, երբ երկու երկրների իրավապահ մարմինները աջակցել են հարազատներին, որոնք փորձել են վերադարձնել փախստականներին։ Օրինակ, երկու տարի առաջ Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա ինգուշուհի Ֆաթիմա Զուրաբովային և բերման ենթարկել բաժանմունք, որտեղ նրան արդեն սպասում էին հարազատները։ Իսկ դաղստանցի Զաիրա Պիրովայի դեպքում իրավապահ մարմինները հաստատել են նրա ընտանիքին, որ աղջիկը գտնվում է Վրաստանում։

Հյուսիսկովկասյան հանրապետությունների բազմաթիվ բնակիչներ Հայաստանում և Վրաստանում ազգականներ կամ ընկերներ ունեն, ինչը հեշտացնում է փախստականներին որոնելու գործընթացը։

Չեչնիայում Այշատի սպանությանը արձագանքել է Կադիրովի օգնական Մանսուր Սոլտաևը. նա հանրապետության իշխանությունների հասցեին բոլոր մեղադրանքներն անվանել է «տեղեկատվական ահաբեկչական հարված»։ Միաժամանակ նա նկատել է, որ ինչ-որ ճգնաժամային կենտրոնի հոգեբանները «միտումնավոր մոլորության մեջ են գցում կանանց». «Նրանք խոստանում են հիանալի կյանք Եվրոպայում կամ Արևմուտքում՝ անտեսելով իրական խնդիրները և կանանց մղելով ընտանեկան կապերը խզելուն։ Այսպիսով, իրականացվում է նպատակային աշխատանք՝ ընտանիքի և ավանդույթների ինստիտուտները քայքայելու և ոչնչացնելու ուղղությամբ, որոնք դարեր շարունակ ձևավորվել են Կովկասում և ողջ Ռուսաստանում»։

Հավանաբար, հենց այս նպատակով՝ «ավանդույթների քայքայումը» թույլ չտալու համար, Չեչնիայում կսկսեն «բացատրական զրույցներ» անցկացնել այն կանանց հետ, որոնք փողոց են դուրս գալիս՝ առանց գլուխը ծածկելու։ Իրավապաշտպան Սաիդա Սիրաժուդինովան «Կավկազսկի ուզել»-ին տված հարցազրույցում ասել է, որ նման «բացատրությունների» ժամանակ աղջիկներից հաճախ խլում են հեռախոսները և ստուգում դրանք»,- գրում է BBC-ն։