Շանհայում ակտիվորեն զարգանում է քոմյունիթի-կենտրոնների ցանց, որոնք նպատակ ունեն միավորել տեղի բնակիչներին եւ օտարերկրացիներին, նպաստել մշակութային փոխանակությանը եւ լայն ծառայություններ մատուցել։ Նման կենտրոններից մեկը Գուբեյի քաղաքացիական կենտրոնն է (Gubei Civic Center), որը գտնվում է Հունցյաո շրջանում։

Կենտրոնը կատարում է մի քանի առանցքային գործառույթ. վարչական ծառայությունների մատուցում եւ խորհրդատվություններ շրջանի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ; մշակութային եւ կրթական միջոցառումների անցկացում; հարթակի ստեղծում չինացի բնակիչների եւ օտարերկրյա էքսպատների հետ շփման համար։

Կենտրոնի առանձնահատկություններից մեկը բնակիչների մասնակցությունն է օրինագծերի եւ շրջանի զարգացման առաջարկների քննարկմանը։ Դա իրականացվում է «դեմոկրատիա բոլոր փուլերում» հայեցակարգի շրջանակում, երբ քաղաքացիները կարող են ուղիղ մասնակցել որոշումների ընդունման գործընթացին։

2024թ. հուլիսին կենտրոնը նորացվեց եւ վերանվանվեց Gubei Good Life Service Center։ Մոտ 680 քառակուսի մետր մակերեսով ժամանակակից տարածքը ներառում է արվեստով եւ պարերով զբաղվելու գոտիներ, բազմաֆունկցիոնալ դահլիճ, ինչպես նաեւ Ginkgo Coffee Bar սրճարանը, որտեղ շրջանի բնակիչներն ու հյուրերը կարող են հանդիպել եւ գաղափարներ փոխանակել։ Կենտրոնի դիզայնը ջերմ երանգներ ունի՝ բնության տարրերով, ստեղծելով մտերմության եւ հարմարավետության մթնոլորտ։


Կենտրոնը փոխգործակցության կարեւոր կետ է դարձել Շանհայի օտարերկրացի բնակիչների համար։ Տարբեր երկրների ներկայացուցիչները նշում են, որ Գուբեյի կենտրոնը թույլ է տալիս ինտեգրվել տեղի հանրույթի կյանքին, մասնակցել մշակութային իրադարձություններին եւ անհրաժեշտ ծառայություններ ստանալ մեկ տեղում։

Գուբեյի քաղաքացիական կենտրոնը օրինակ է այն բանի, թե ինչպես է Շանհայը համադրում նորարարություններն ու հանրային մասնակցությունը՝ ստեղծելով հարմարավետ տարածք բոլոր ազգությունների եւ տարիքի բնակիչների համար։
Պեկինից՝ Խորեն Գրիգորյան





























