Հնագետների եւ հետազոտողների միջազգային թիմը ստեղծել է նոր թվային քարտեզ, որը ցույց է տալիս, որ Հռոմեական կայսրության երթուղիների ցանցը մոտ երկու անգամ ավելի մեծ է եղել, քան նախկինում կարծում էին։

Նախկինում ենթադրվում էր, որ այն ընդգրկել է մոտ 150 հազար կիլոմետր, նոր քարտեզը ներառում է մոտավորապես 300 հազար կիլոմետր ճանապարհներ, որոնք ընդգրկում են Եվրոպան, Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են «Scientific Data» ամսագրում, հիմնված է հին տեքստերի, հնագիտական ​​պեղումների, տեղագրական քարտեզների եւ արբանյակային պատկերների տվյալների վրա։

Նախագծի համակարգող, Դանիայի Օրհուսի համալսարանի հնագետ Թոմ Բրյուգմանսը նշել է, որ մինչ օրս ուշադրությունը կենտրոնացած է եղել կայսրության գլխավոր ճանապարհների՝ իշխանական կենտրոնները կապող ճանապարհների վրա։ Երկրորդական ճանապարհները՝ միջանցք-ճանապարհները, գյուղական ճանապարհները եւ գավառային արահետները, քիչ են ուսումնասիրվել։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս լայնածավալ ճանապարհային ցանցը թույլ է տվել, որ ցանկացած նշանակալի իրադարձություն՝ համաճարակ, տնտեսական վերելք կամ կրոնական շարժում, ընդգրկի հսկայական տարածքներ եւ զարգանա մայրցամաքային մասշտաբով։ Օրինակ՝ 165 թվականի անտոնինյան ժանտախտի համաճարակը, ըստ գիտնականների, տարածվել է հենց այս ճանապարհներով։

Հեղինակներն ընդգծել են, որ քարտեզը վերջնական եզրակացություն չէ. «Մենք գիտենք, որ գոյություն ունեն բազմաթիվ ճանապարհներ, որոնք դեռեւս չեն հայտնաբերվել»,- նշել է Բրյուգմանսը։

Itiner-e անունը կրող նախագիծը բաց է մուտքի համար եւ հրավիրում է հնագետներին, պատմաբաններին եւ խանդավառներին իրենց ներդրումն ունենալ տվյալների բազայում։

Այս աշխատանքը թույլ է տալիս նորովի նայել Հռոմեական կայսրության վրա։ Այն ցույց է տալիս, որ գրեթե երկու հազար տարի առաջ կառուցված ենթակառուցվածքները շատ ավելի բարդ եւ ընդարձակ են եղել, քան նախկինում կարծում էին, եւ կարեւոր դեր են խաղացել հսկայական տարածքի քաղաքական, տնտեսական եւ մշակութային միավորման գործում։