Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, այսօր` հունվարի 31-ին շարունակվել է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացրած հայցով դատական նիստը:

Դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը միջնորդել է կասեցնել գործի քննությունը, քանի որ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանն ու եւս երկու անձինք դիմել են ոստիկանություն` Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով:

NEWS.am-ի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը առարկել է միջնորդությանը` պատճառաբանելով, որ քրեական գործի հարուցումը չի առնչվում այս հայցի քննության հետ: Դատավոր Մարգարիտա Հարթենյանը միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու է փետրվարի 2-ին:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության 2010 թ. նոյեմբերի 23-ին տպագրված հոդվածը:

Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ: Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն էլ որոշել էր, թե NEWS.am-ը լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին եւ հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով:

Հովհաննես Կաթրջյանն ինքն է հայց ներկայացրել կենտրոնի դեմ եւ մոտ 2 մլն դրամ գումար է պահանջում իրեն խաբելու եւ էժանագին սարքավորում տեղադրելու համար: Գործով համահայցվոր է նաեւ պաշտպանության նախարարությունը, որի պատվերով էլ Կաթրջյանին էլեկտրոկարդիոխթանիչ են տեղադրել:

Կաթրջյանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 2011թ. դեկտեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):