Շաբաթ վաղ առավոտյան Տամպայում (Ֆլորիդա) ենթադրյալ փողոցային մրցարշավորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ մխրճվել մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ, եւս 11-ը վիրավորվել է։

Տամպայի ոստիկանության դեպարտամենտը շաբաթ օրը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Տամպայի մարդաշատ Իբոր Սիթի թաղամասում, տեղի ժամանակով ժամը 12:45-ին, ինչի հետեւանքով մեքենան մխրճվել է 15 մեծահասակներից բաղկացած բազմության մեջ։

Իշխանությունները հայտնել են, որ զոհերից երեքը մահացել են տեղում, չորրորդը՝ մոտակա հիվանդանոցում։ Եվս ինը տուժածներ բուժօգնություն են ստանում տեղի հիվանդանոցներում, նրանցից մեկը, ոստիկանության տվյալներով, գտնվում է ծանր վիճակում։ Երկու այլ տուժածներ, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել, հրաժարվել են դեպքի վայրում բուժօգնություն ստանալ, ավելացրել է ոստիկանությունը։

Ոստիկանությունը վարորդին նույնականացրել է որպես 22-ամյա Սայլաս Սեմփսոն, որը ձերբակալվել է դեպքի վայրում, հայտնել են իշխանությունները։ Հստակ չէ, թե արդյոք նա փաստաբան վարձել է։ Ոստիկանության տվյալներով՝ ժամը մոտ 12:40-ին Տամպայի ոստիկանության դեպարտամենտի օդային հսկողության միջոցով նկատվել է, որ Սեմփսոնը մեքենան անզգույշ վարում է I-275 մայրուղով եւ դուրս է եկել Դոյլ Քարլթոն Դրայվից։ Ոստիկանությունն ավելացրել է, որ նույն մեքենան նախկինում նկատվել էր փողոցային մրցարշավի ժամանակ Հիլսբորո պողոտայում՝ 22-րդ փողոցի մոտ: Ֆլորիդայի մայրուղային պարեկային ծառայությունը հետապնդել է մեքենան եւ չի հաջողել կանգնեցնել այն։

Այնուհետեւ Սեմփսոնը շարունակել է վարել մեծ արագությամբ, կորցրել է կառավարումը եւ բախվել առեւտրի կետի՝ մխրճվելով մարդկանց բազմության մեջ, հայտնել է ոստիկանությունը։