ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների կասեցումից հետո Սպիտակ տունը ակնկալում է, որ երկրի ղեկավարությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու և նախորդ տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրները թողնելու համար։
«Միացյալ Նահանգները ակնկալում է Սիրիայի կառավարությունից տեսնել կոնկրետ գործողություններ, որոնք կշրջեն անցյալի էջը և առաջընթաց կապահովեն տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ», - գրել է Ռուբիոն X-ում։
Նա հավելել է, որ պատժամիջոցները կասեցնելու որոշումը նաև նպատակ ունի աջակցել Սիրիայի ջանքերին՝ իր տնտեսությունը և երկրի լիարժեք կապերը արտասահմանյան երկրների հետ վերականգնելու ուղղությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Սիրիայի առաջնորդի գրասենյակի տվյալներով՝ նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Թրամփի և ալ-Շարաայի հանդիպումից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը կասեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ համաձայն այսպես կոչված «Կեսարի օրենքի», սակայն պահպանել է Ռուսաստանի և Իրանի հետ սիրիական գործարքների արգելքը։





























