Ես կարող եմ մի բան ասել վստահաբար, որ բանակցությունների սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակավ արտահայտած դիրքորոշումներին։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի այն հայտարարություններին, որ Հայաստանի վարչապետը հանկարծակի փոխել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ընթացքում։

Նրա խոսքով՝ երբ խոսքը վերաբերում է միջպետական հարցերին, բանավոր խոսքին հղում անելը առանձնապես լավ ժանր չէ։ Փաշինյանը վստահեցրել է, որ իր բոլոր դիրքորոշումները 2018 թվականից ի վեր հրապարակայնորեն են հնչել։ «Դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիաներն էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք», - ընդգծել է նա։