Իրանում 3D տեխնոլոգիայի օգնությամբ արտադրված ներծծվող ոսկրային պատվաստ է մշակվել։ Այն կիրառվում է ոսկրային ծանր արատները շտկելու համար, հաղորդում է Mehr գործակալությունը։

Նյութը մշակած բարձր տեխնոլոգիական ընկերության տվյալներով՝ ներծծվող ոսկրային պատվաստման տեխնոլոգիա նախատեսված է մարմնի տարբեր մասերի, ներառյալ՝ վերին և ստորին ծնոտի ոսկորների վերականգնման համար։ Այն կարող է կիրառվել վթարների հետևանքով առաջացած ծանր կոտրվածքների վերականգնման և բնածին հիվանդությունների ապաքինման համար։ Բացի դրանից, որոշ մոդելներ նախատեսված են զգայուն հատվածների, օրինակ՝ ակնախոռոչի, շտկման համար։

Օրգանիզմում ներդրված նյութն ամբողջությամբ ներծծվում է տեղադրումից հետո 18-24 ամսվա ընթացքում, վերացնելով այն հեռացնելու համար կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը։ Մշակումն այսպես է տարբերվում շուկայում լայնորեն մատչելի տիտանից պատրաստված իմպլանտներից, որոնք հեռացնելու համար սովորաբար  երկրորդ վիրաբուժական միջամտություն են պահանջում։

Երկրում նոր ներծծվող ոսկրային պատվաստման տեխնոլոգիայի օգնությամբ արդեն իսկ 30-ից ավելի վիրահատություն է իրականացվել։ Նորարարական արտադրանքը ստեղծած ընկերությունը կարծում է, որ այն կարող է մոտ ապագայում զբաղեցնել առաջադեմ բժշկական սարքավորումների շուկայի զգալի մասը։