Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր` փետրվարի 1-ին, կայացած նիստում բուռն քննարկում է ընթացել «Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» օրինագծի շուրջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Իմ կողմից ներկայացվեց միջազգային փորձը, օրենքի հետապնդած նպատակները, մեր կողմից կարեւորվող խնդիրը, որ ոչ թե անցյալը դատափետելու, այլ հետագայում տարբեր երկրների հատուկ ծառայությունների ազդեցությունից զերծ մնալն է»,- նշել է Սաֆարյանը:
Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանն ու հարակից զեկուցող, պետաիրավաան հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հակադարձել են, թե անընդունելի են համարում նման օրենքի ընդունումն ու գործընթացը Հայաստանում: Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել է, թե դեմ է քվեարկելու օրինագծին, եւ նախաձեռնության հեղինակ Ստեփան Սաֆարյանն առաջարկել է 15 օրով հետաձգել օրինագիծը:
Ինչպես ավելի վաղ նշել է NEWS.am-ը, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը նոյեմբերի 14-ին, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ «Ժառանգության», սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` գաղտնազերծմանը, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:




























