Ուկրաինայում հրադադարի հաստատումը մինչև գարուն քիչ հավանական է, և եվրոպացի դաշնակիցները պետք է շարունակեն աջակցությունը, չնայած Կիևում բռնկված կոռուպցիոն սկանդալին, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, հաղորդում է Associated Press-ը։

Ըստ նրա, այդուհանդերձ, Եվրոպային անհրաժեշտ է տոկունություն՝ ձմռան ամիսները հաղթահարելու համար։

Լինելով Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկի առաջնորդը, սակայն միևնույն ժամանակ ունենալով 1340 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, նա լավ է պատկերացնում, թե ինչ է դրված խաղասեղանին, գրում է AP-ն։

1940-ականներին՝ Ռուսաստանի հետ երկու պատերազմներից հետո, Ֆինլանդիան Մոսկվային զիջել է իր տարածքի մոտ 10 տոկոսը և համաձայնել է պահպանել ռազմական չեզոքություն։ Սակայն Ֆինլանդիայի կորուստները շատ ավելի փոքր են եղել, քան կարող էին լինել, քանի որ ֆիննական զորքերը ցուցաբերել են տոկունություն և ծանր կորուստներ պատճառել խորհրդային բանակին՝ չնայած թվային զգալի գերազանցությանը։ Ֆինլանդիայի չեզոք դիրքորոշումը փոխվեց միայն Ուկրաինայում 2022 թվականին սկսված պատերազմից հետո, երբ ֆինները միացան ՆԱՏՕ-ին։

Ստուբն օգտագործում է իր լավ հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ՝ Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար․ նրանք միասին գոլֆ են խաղացել և պարբերաբար շփվել։