Թուրքիան ցանկանում է հաջորդ տարի իր տարածքում անցկացնել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով բանակցությունները և պատրաստ է դա անել ինքնուրույն, եթե համանախագահության շուրջ չհաջողվի հասնել համաձայնության, կիրակի օրը հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը AFP-ին։

Ավստրալիան և Թուրքիան փակուղու մեջ են հայտնվել այն հարցում, թե ով պետք է հյուրընկալի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը (COP31) 2026 թվականին։ Հյուրընկալող երկիրը պետք է ընտրվի կոնսենսուսով, ուստի եթե Ավստրալիան կամ Թուրքիան չհրաժարվեն իրենց հայտերից կամ երկրները չհասնեն որևէ համաձայնության՝ պարտականությունները կիսելու վերաբերյալ, ապա երկու կողմն էլ կարող են դուրս մնալ գործընթացից։

Թուրքական աղբյուրը հայտնել է, որ Ավստրալիայի հետ քննարկումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանների շրջանակում սկզբում հանգեցրել են փոխըմբռնման՝ ներառյալ համանախագահության և բարձր մակարդակի համատեղ հանդիպումների առաջարկները։

Սակայն Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի նամակում՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մերժվել են նախորդ պայմանավորվածությունները՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոններին, որոնք արգելում են համանախագահությունը, ինչպես նաև մտահոգություններին՝ կապված օրակարգի հնարավոր շեղման հետ, որը կենտրոնացած է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։

«Թուրքիան շարունակում է պաշտպանել համանախագահության մոդելը՝ որպես բազմակողմ համագործակցությունը խթանելու քայլ, սակայն պատրաստ է ինքնուրույն անցկացնել համաժողովը, եթե կոնսենսուս չձևավորվի», – ասել է աղբյուրը AFP-ին։

Նա հավելել է, որ Թուրքիան մտադիր է COP31 համաժողովի ուշադրությունը կենտրոնացնել աշխարհի առավել խոցելի տարածաշրջանների վրա, ինչպես նաև հնարավոր հատուկ նիստերի՝ նվիրված Խաղաղօվկիանոսյան խնդիրներին։ Թուրքական թեկնածությունն առաջադրվել է՝ որպես գլոբալ համերաշխության և կառուցողական երկխոսության կոչ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում։