Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը քննադատության է ենթարկել ընդդիմությանն ու կրկին խոսել Դերսիմի կոտորածներից։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ԶՈՒ գլխավոր շտաբն աշխատում է Դերսիմի կոտորածների հետ կապված արխիվի բացման աշխատանքներով։  Էրդողանը քննադատել է Դերսիմի կոտորածների հարցում իշխանությանը թիրախ ընտրողներին՝ նշելով. «Դերսիմը մի աղետ էր, որը 1939-ին ծածկվել է, սակայն այն իրականացրած մտածելակերպը մինչեւ այսօր չի փոխվել։ Դերսիմից հետո այս երկրում շարունակել են մեծ աղետներն եւ դառնություններ տեղի ունենալ։ Մենք ցանկացանք, որ այդ մտածելակերպը փոխվի»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ 2011-ի նոյեմբերին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե եթե պետք լինի, Դերսիմի կոտորածների համար ինքը պետության անունից ներողություն կխնդրի եւ խնդրում է։ Նա Դերսիմի կոտորածների համար մեղադրել էր «Ժողովրդա-հանրապետական»-ին՝ պնդելով, որ այն ժամանակ այդ կուսակցությունն է եղել իշխանության։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։