ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթող Զոհրան Մամդանին հույս ունի հանդիպել իր հետ Վաշինգտոնում։

«Ես կասեի, որ Նյու Յորքի քաղաքապետը կցանկանար հանդիպել մեզ հետ և մենք ինչ-որ բանի շուրջ կպայմանավորվենք։ Նա կցանկանար գալ Վաշինգտոն և հանդիպել։ Մենք ինչ-որ բանի շուրջ կպայմանավորվենք», - հայտարարել է Թրամփը՝ նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում, նախքան Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքից Վաշինգտոն թռչելը, որտեղ գտնվում է նաև նրա Մար-ա-Լագո կալվածքը։

Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 4-ին։ Թրամփը կոչ էր արել մեգապոլիսի բնակիչներին քվեարկել անկախ թեկնածու Էնդրյու Քուոմոյի օգտին և սպառնացել էր սահմանափակել Նյու Յորքի կարիքների համար դաշնային միջոցների հատկացումը այն դեպքում, եթե հաղթի Մամդանին, ում նա համարում է կոմունիստ։ Իսկ ընտրված քաղաքապետն իրեն բնութագրում է որպես «դեմոկրատ սոցիալիստ»։

Նոյեմբերի 5-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Մամդանին պետք է նախաձեռնություն ցուցաբերի և կապ հաստատի։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ սիրում է Նյու Յորքը և հետևաբար, կցանկանար, որպեսզի նոր քաղաքապետը հաջողության հասներ իր պաշտոնում։ Միաժամանակ, Թրամփը զգուշացրել է, որ Մամդանին պետք է հարգանքով վերաբերվի ամերիկյան վարչակազմին։