Միացյալ Թագավորությունը կարող է դադարեցնել երեք աֆրիկյան երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը, եթե այդ երկրների իշխանությունները չհամագործակցեն իրենց անօրինական միգրանտներին արտաքսելու հարցում։ Այս մասին հայտնել է «The Times» թերթը՝ հղում անելով Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության աղբյուրներին։
Ըստ նրանց տեղեկությունների, խոսքը վերաբերում է Անգոլային, Նամիբիային և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը։ Ինչպես նշում է պարբերականը, այդ երկրները հրաժարվել են հետ ընդունել մոտ 4 հազար իրենց հայրենակիցների, որոնք անօրինական կերպով հայտնվել են Միացյալ Թագավորությունում։ Թե ինչ ժամկետի մասին է խոսքը, չի հստակեցվում։ Հոդվածում ասվում է, որ Միացյալ Թագավորության Ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 13-ին նախազգուշացրել է այդ երկրների դեսպանատներին Լոնդոնում վիզաների տրամադրումը խստացնելու ռիսկի մասին, եթե մեկ ամսվա ընթացքում նրանք ակտիվորեն չսկսեն համագործակցել բրիտանական գերատեսչությունների հետ դեպորտացիայի հարցում։
«The Times»-ը գրում է, որ ի սկզբանե Միացյալ Թագավորությունը մտադիր է զրկել դիվանագետներին և արտոնյալ անձանց վիզաներ արագ ստանալու իրավունքից, որոնք ստիպված կլինեն հայտեր ներկայացնել սովորական կարգով և կանգնել ընդհանուր հերթում։ Հաջորդ փուլում սահմանափակումները կարող են տարածվել նշված երկրների բոլոր քաղաքացիների վրա, ներառյալ վիզաների տրամադրման ամբողջական արգելքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջոցառումների նմանությամբ։ Ինչպես նշում է պարբերականը, ժամանակի ընթացքում սև ցուցակում կարող են ավելացվել նաև այլ երկրներ, որոնք նույնպես դժկամությամբ են հետ ընդունում իրենց դատապարտված քաղաքացիներին կամ անօրինական միգրանտներին՝ Հնդկաստանը, Պակիստանը, Նիգերիան, Բանգլադեշը, Սոմալին և Գաբոնը։
«Միացյալ Թագավորությունում մենք գործում ենք կանոններով։ Երբ ես հայտարարեցի, որ այն երկրների համար, որոնք չեն ցանկանում հետ ընդունել իրենց հանցագործներին ու անօրինականներին, կկիրառվեն տույժեր, ես լուրջ էի ասում։ Իմ ուղերձն օտարերկրյա կառավարություններին այսօր հստակ է՝ համաձայնվեք ընդունել ձեր քաղաքացիներին, կամ դուք կկորցնեք մեր երկիր մուտք գործելու արտոնությունը», - նախազգուշացրել է Միացյալ Թագավորության Ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը, որի խոսքերը մեջբերում է The Times-ը։





























