Ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վենեսուելայի ղեկավարությունը հույս ունի ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել։ Նա նման հայտարարությամբ հանդես է եկել նոյեմբերի 16-ին Ֆլորիդա նահանգից Վաշինգտոն մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Միգուցե մենք քննարկումներ ունենանք։ Միգուցե մենք քննարկում ունենանք [Վենեսուելայի նախագահ Նիկոլաս] Մադուրոյի հետ։ Տեսնենք, թե դա ուր կհասցնի», - հայտարարել է Թրամփը։ Այն հարցին, թե ինչ բնույթի կարող են լինել այդ քննարկումները, Սպիտակ տան ղեկավարն ուղիղ պատասխան չի տվել։ «Չգիտեմ, դուք ինձ ասացեք», - հայտարարել է նա լրագրողներին։
Թրամփին նաև հարցրել են, թե արդյոք իր վարչակազմը համաձայնեցնո՞ւմ է իր գործողությունները ԱՄՆ Կոնգրեսի հետ Վենեսուելայի նկատմամբ հնարավոր գործողությունների հարցով։ «Մենք կցանկանայինք, որ Կոնգրեսը ներգրավվեր», - հայտարարել է Թրամփը։ «Մենք պարտավոր չենք նրանցից թույլտվություն ստանալ, բայց ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե նրանք տեղյակ լինեին», - հավելել է նա։
Մադուրոն բազմիցս զգուշացրել է, որ իր երկիրը վերջին 100 տարվա ընթացքում ենթարկվում է ԱՄՆ կողմից ներխուժման ամենալուրջ սպառնալիքին։ Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են ութ նավ, մեկ ատոմային սուզանավ, ավելի քան 16 հազար զինծառայող և սեպտեմբերից ի վեր միջազգային ջրերում ոչնչացրել են առնվազն 20 արագընթաց նավակ և 76 մարդ, որոնք անհիմն կերպով մեղադրվում են Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության մեջ։ Նոյեմբերի 16-ին Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան նավերի հարվածային խումբը՝ Gerald R. Ford ավիակրի գլխավորությամբ, մտել է Կարիբյան ծով։
The New York Times թերթի տվյալներով՝ Թրամփը թույլատրել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում։ Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում կարող են սկսել հարվածներ հասցնել Վենեսուելայում գտնվող թմրակարտելների օբյեկտներին։ Նոյեմբերի 11-ին Թրամփին ներկայացվել են Վենեսուելայի դեմ պոտենցիալ գործողությունների, ներառյալ ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու վերաբերյալ թարմացված պլանները, որոնք ուսումնասիրելուց հետո ամերիկացի առաջնորդը լրագրողներին հայտարարել է, որ կարծիք է կազմել այն գործողությունների մասին, որոնք Վաշինգտոնը պետք է ձեռնարկի Վենեսուելայի նկատմամբ։





























