Ճապոնիան Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ է ուղարկել Պեկին, որպեսզի հարթի այն իրավիճակը, որն առաջացել է վարչապետ Սանաե Տակաիչիի այն հայտարարություններից հետո, թե Թայվանի դեմ Չինաստանի հնարավոր գործողությունները կարող են սպառնալիք ներկայացնել Ճապոնիայի անվտանգության համար։ Այս մասին հայտնում է «Kyodo News»-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Չինաստան է ուղարկվել Ասիայի և Օվկիանիայի հարցերով բյուրոյի ղեկավար Մասաակի Կանաին։ Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 18-ին նա բանակցություններ կվարի չինական կողմի հետ և կընդգծի, որ Տակաիչին հաստատում է 1972 թվականի համատեղ կոմյունիկեում շարադրված դիրքորոշմանը վերաբերյալ Ճապոնիայի հավատարմությունը։
Համաձայն այդ փաստաթղթի, Տոկիոն ճանաչել է ՉԺՀ կառավարությունը որպես Չինաստանի միակ օրինական կառավարություն և դադարեցրել է պաշտոնական հարաբերությունները Թայվանի հետ։ Ընդ որում, Ճապոնիան չի հայտարարել, որ կղզին Չինաստանի մասն է կազմում։
Ավելի վաղ խորհրդարանում Տակաիչին հայտարարել էր, որ Թայվանի վրա Չինաստանի հնարավոր հարձակումը կարող է ստեղծել մի իրավիճակ, որը սպառնում է Ճապոնիայի գոյությանը, ինչը երկրին հիմք կտա օգտվելու կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքից։ Պեկինում այդ խոսքերը դիտարկել են որպես ներքին գործերին միջամտություն։
Դրանից հետո ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Սուն Վեյդունը պաշտոնական բողոք է հայտնել Տոկիոյին։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը Ճապոնիայից պահանջել է հետ կանչել «անընդունելի հայտարարությունները», նշելով, որ հակառակ դեպքում հետևանքների համար պատասխանատվությունը կկրի ճապոնական կողմը։
Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունը բողոքի հաղորդագրություն է հղել Պեկինին՝ Օսակայում Չինաստանի գլխավոր հյուպատոս Շյուե Ցզյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված կոշտ հայտարարություններից հետո, որոնք նա արել էր Տակաիչիի՝ Թայվանի մասին արված մեկնաբանություններին ի պատասխան։





























