ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայի հետ կապված որևէ տարբերակ, այդ թվում՝ ցամաքային ռազմական գործողությունը: Նա նման հայտարարություն է արել Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս:
Լրագրողի հարցին՝արդյոք նա պատրա՞ստ է «այս փուլում բացառել որևէ բան», այդ թվում՝ ցամաքային զորքերի կիրառումը, Թրամփը պատասխանել է. «Ես ոչինչ չեմ բացառում, մենք պարզապես պետք է լուծենք Վենեսուելայի հետ կապված խնդիրը»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս զգուշացրել է, որ իր երկիրը բախվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ ներխուժման ամենալուրջ սպառնալիքին: Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար բավարար ջանքեր չգործադրելու մեջ: ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծով են տեղակայել ութ նավ, մեկ միջուկային սուզանավ և ավելի քան 16 հազար զինծառայող, իսկ սեպտեմբերից ի վեր ոչնչացրել է առնվազն 20 մոտորանավակ և 76 մարդ միջազգային ջրերում՝ Վենեսուելայից թմրանյութեր մաքսանենգության մեջ անհիմն մեղադրանքներով: Նոյեմբերի 16-ին Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան նավերի հարվածային խումբը՝ Gerald R. Ford ավիակիրի գլխավորությամբ, մտել է Կարիբյան ծով։
Ըստ The New York Times-ի՝ Թրամփը ԿՀՎ-ին լիազորել է գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում։ Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են, որ Միացյալ Նահանգները շուտով կարող է սկսել հարվածներ հասցնել Վենեսուելայում թմրամիջոցների կարտելների թիրախներին։ Նոյեմբերի 11-ին Թրամփին ներկայացվեցին Վենեսուելայի դեմ հնարավոր գործողությունների, դրանց թվում՝ ցամաքային թիրախների վրա հարվածների թարմացված ծրագրերը։ Այդ ծրագրերը վերանայելուց հետո ամերիկացի առաջնորդը լրագրողներին հայտնել է, որ ինքը կարծիք է կազմել այն գործողությունների վերաբերյալ, որոնք Վաշինգտոնը պետք է ձեռնարկի Վենեսուելայի դեմ։





























