Հարավային Կորեայի կառավարությունը չի նախատեսում թշնամական գործողություններ իրականացնել Հյուսիսային Կորեայի դեմ։ Այս մասին հայտարարել են հարավկորեական առաջնորդի վարչակազմից։
«Մեր կառավարությունը մտադրություն չունի անտագոնիստական դիմակայություն վարել Հյուսիսի հետ։ Կառավարությունը հետևողականորեն ջանքեր է գործադրում միջկորեական հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու և վստահությունը վերականգնելու համար», - ասել է վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Կան Յու Ջոնգը։
Նա հավելել է, որ Կորեայի Հանրապետությունը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում, քանի որ դա օգնում է պաշտպանել երկրի շահերը։ «Եվ այսուհետ էլ նախատեսում ենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի դաշինքը նպաստի Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովմանը», - հավելել է նա։
Ավելի վաղ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը մեկնաբանություն էր հրապարակել, որում նշվում էր, որ Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հավասար և փոխշահավետ դաշինք չեն։ Կորեայի Ժողովրդական Հանրապետության լրագրողները նույնպես նշել էին, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման վերաբերյալ Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների ցանկությունը նշանակում է Փհենյանի հետ բախման թշնամական ընթացք և երկրի սահմանադրության ժխտում։ Նրանց խոսքով՝ Վաշինգտոնի և Սեուլի բազմաթիվ զորավարժություններն ու հռետորաբանությունը հաստատում են, որ Միացյալ Նահանգները և Կորեայի Հանրապետությունը Հյուսիսային Կորեայի հետ բախումն ընտրել են որպես իրենց դաշինքի հիմնական ուղղություն։
Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը առաջարկել է ռազմական բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ սահմանային խախտումներից խուսափելու համար, քանի որ 1953 թվականից ի վեր օգտագործվող սահմանային նշաններից շատերը վնասված են կամ վատ տեսանելի։ Ամռանը Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյոնը հրամայել է դադարեցնել Հյուսիսային Կորեայի բնակիչներին ուղղված քարոզչություն հեռարձակող սահմանային բարձրախոսների աշխատանքը։





























