Իսրայելը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրել է հեռացնել դատախազ Քարիմ Խանին Իսրայելի հետ կապված վարույթից և չեղյալ համարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերները։ Այս մասին հաղորդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Իսրայելը միջնորդություն է ներկայացրել Միջազգային Քրեական Դատարանի Վերաքննիչ պալատ՝ դատախազ Քարիմ Խանին Իսրայելին վերաբերող դատական գործընթացներից հեռացնելու համար։ Բացի այդ, Իսրայելը դատարանին խնդրում է չեղարկել դատախազի կողմից վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ տրված անհիմն կալանքի օրդերները», - ասված է հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն հավելել է, որ միջնորդությունը «երբեք չի առնչվում Իսրայելի մյուս հայտարարությունների վերաբերյալ [Նեթանյահուի և Գալանտի կալանքի] օրդերների անվավերության մասին, այդ թվում՝ ՄՔԴ-ի իրավազորության բացակայության պատճառով»։

Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ «հարցումը ներկայացվել է այն տեղեկության կապակցությամբ, որ դատախազը գործել է՝ առաջնորդվելով ոչ պատշաճ անձնական դրդապատճառներով և Իսրայելի դեմ կեղծ ու անհիմն մեղադրանքներ առաջադրելով»։ «Այդ գործողություններն ուղղված էին հանրության ուշադրությունը ենթակայի նկատմամբ սեռական ոտնձգությունների լուրջ մեղադրանքներից շեղելուն։ Այս համատեքստում դատախազը անհիմն և վրդովեցուցիչ կալանքի օրդերներ է տվել վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ», - պարզաբանել են Իսրայելի ԱԳՆ-ում։

Մայիսին հայտնի է դարձել, որ Խանը գնում է վարչական արձակուրդ և չի կատարի սեռական ոտնձգությունների մեղադրանքով հետաքննության ընթացքում իր պարտականությունները։ Մեկ տարի առաջ նա կալանքի օրդերներ էր պահանջել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդների, ինչպես նաև Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ։ 2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն տվել էր Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի կալանքի օրդերները։