Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների ապագան պահանջում է, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հետ վերցնի Թայվանի վերաբերյալ իր վերջին խոսքերը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգի, հաղորդում է «Սինհուան»։ 

«Չին-ճապոնական հարաբերությունների ներկայիս վիճակը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի կողմից Թայվանի հետ կապված հարցերի ակնհայտ աղավաղման արդյունք է», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Պեկինի և Տոկիոյի միջև հարաբերություններում աճող հակասությունների լուծման հեռանկարները: «Ճապոնական կողմը պետք է անհապաղ հետ վերցնի իր սխալ հայտարարությունները, մանրակրկիտ ինքնավերլուծություն անցկացնի, փոխի իր դիրքորոշումը և հստակ բացատրություն տա չինացի ժողովրդին»:

Ինչպես պարզաբանել է պաշտոնական խոսնակը, Ճապոնիայի կառավարության ղեկավարը «կոպտորեն միջամտել է Չինաստանի ներքին գործերին»։ Մաո Նինը նշեց, որ Սանաե Տակաիչին դրանով լրջորեն խախտել է «մեկ Չինաստան» սկզբունքը և երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը՝ «վնասելով համագործակցության քաղաքական հիմքը»։

«Իր հիմնական շահերը պաշտպանելու և միջազգային արդարադատությունը պահպանելու հարցում Չինաստանի դիրքորոշումը բացարձակապես չի փոխվել», - հավելել է չինացի դիվանագետը։

Ճապոնիայի և Չինաստանի միջև լարվածությունը սկսել է սրվել այն բանից հետո, երբ Տակաիչին խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարել է, որ Թայվանի մոտ հնարավոր ռազմական ճգնաժամը «գոյության սպառնալիք» կստեղծի, որը կարող է ստիպել Ճապոնիային իրացնել իր «կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքը»։ Սա առաջացրել է Պեկինի մեծ դժգոհությունը, որը լուրջ նախազգուշացում է տվել Տոկիոյին։ Օսակայում Չինաստանի գլխավոր հյուպատոս Շյուե Ցզյանը իր X սոցիալական ցանցի էջում սպառնացել է «կտրել Ճապոնիայի վարչապետի գլուխը», սակայն գրառումը հետագայում ջնջվել է։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հետագայում զգուշացրել է իր հայրենակիցներին, որ վերջիններս չուղևորվեն դեպի Ճապոնիա։

Թայվանը 1949 թվականից ի վեր կառավարվում է սեփական վարչակազմի կողմից, երբ Չան Կայշիի (1887-1975) գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտությունից հետո։ Այդ ժամանակից ի վեր Թայբեյը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որը գոյություն է ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում են նաև երկրների մեծ մասը (ներառյալ Ռուսաստանը)՝ այն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածաշրջաններից մեկն է։